Սահմանադրական դատարանը նոյեմբերի 7-ին վերջնական որոշում է կայացրել «Ռուբեն Գրիգորյանի և Գոհար Գալստյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով։
Iravaban.net-ը, կարևորելով գործով դատարանի արտահայտած դիրքորոշումը, այն ներկայացնում է ընթերցողներին։
Նախապատմություն․ ինչպե՞ս է ամեն ինչ սկսվել
Դիմող Գոհար Գալստյանը 1964 թվականից, իսկ դիմող Ռուբեն Գրիգորյանը 1986 թվականից հաշվառվել և բնակվել են ք. Երևան, Փավստոս Բուզանդի 11 հասցեում գտնվող բնակարաններից մեկում։ 1998 թվականի փետրվարին Կառավարությունը որոշում է ընդունել, որով դիմողները կարող էին գրանցել նշված անշարժ գույքի նկատմամբ իրենց սեփականության իրավունքը:
Գոհար Գալստյանը օգտվել է հնարավորությունից և 1998 թվականի մայիսի 25-ին դիմել է Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե՝ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու խնդրանքով, սակայն պատասխան չի ստացել:
Շուրջ 4 տարի հետո, Կառավարության որոշմամբ, նշված բնակարանը հայտնվել է հասարակության և պետության կարիքների համար իրացման գոտում, որի ուժով դրա նկատմամբ դիմողների սեփականության իրավունքի գրանցումը սահմանափակվել է, գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ դիմողների բնակարանի նկատմամբ իրենց սեփականության իրավունքը ենթակա չի եղել օրինականացման:
2004 թվականին Ռուբեն Գրիգորյանը կրկին դիմել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե՝ բնակարանն օրինականացնելու խնդրանքով, սակայն 2004 թվականի նոյեմբերի 1-ին ստացել է մերժում այն պատճառաբանությամբ, որ ինքնակամ կառույցը գտնվում է պետության կարիքների համար վերցվող իրացման գոտում:
Այնուհետև դիմողները դիմել են դատական պաշտպանության։ Հայց է ներկայացվել ընդդեմ կոմիտեի պետական մարմնի անգործությունը, գործողությունն օրենքին հակասող և անվավեր ակտ ճանաչելու և բնակարանի նկատմամբ դիմողի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին։ 2005-ին դատարանը որոշում է կայացրել ու մերժել ներկայացված պահանջը։ Դատարանը հղում է կատարել Կառավարության այն որոշմանը, որով բնակարանը ներառվել է հասարակության և պետության կարիքների համար գույքի իրացման գոտում: Այս որոշումից մի քանի ամիս անց, դիմողները վտարվել են իրենց բնակարանից։
Այդ ժամանակ արդեն մեկնարկել էր և ընթանում էր Հյուսիսային պողոտայի կառուցումը։ Կառավարության որոշմամբ սահմանվել էր Հյուսիսային պողոտայի գոտում գտնվող հողամասերն ու անշարժ գույք գնելու, վերցնելու, գնային ձևավորման իրացման կարգ, իսկ Կառավարության մեկ այլ որոշմամբ հաստատվել էր Երևանում պետության կարիքների համար անշարժ գույքի (հողամասեր, շենքեր և շինություններ) օտարման գոտի, որում ներառված է նաև վերոնշյալ բնակարանը։
Դիմողներն օտարված բնակարանի դիմաց պետությունից փոխհատուցում չեն ստացել այն պատճառաբանությամբ, որ բնակարանն օրինականացված չէ, և դիմողները չունեին դրա նկատմամբ սեփականության իրավունք:
2019 թվականի հոկտեմբերի 15-ին Ռուբեն Գրիգորյանը և Գոհար Գալստյանը հայցադիմում են ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության ի դեմս Ֆինանսների նախարարության՝ պետության կարիքների համար օտարված գույքի դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում տրամադրելու պահանջի մասին, սակայն դատարանը բավարարել է Կառավարության ներկայացուցչի կողմից ներկայացված՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը, 2022 թվականի մարտի 3-ին կայացրել է վճիռ, որով դիմողների հայցը մերժվել է՝ Քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա՝ հայցային վաղեմությունը լրացած լինելու հիմքով: Վերաքննիչ բողոքը մերժվել է նույն պատճառաբանությամբ, իսկ Վճռաբեկ դատարանն անգամ բողոքը վարույթ ընդունելն է մերժել։
Եռաստիճան դատական համակարգի այս որոշումներն ունենալով Ռուբեն Գրիգորյանը և Գոհար Գալստյանը դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելով Քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածը, որը սահմանում է այն պահանջները, որոնց վրա հայցային վաղեմությունը չի տարածվում։
Դիմողների պնդմամբ՝ իրենց կողմից ներկայացված հայցադիմումի նկատմամբ հայցային վաղեմության ժամկետի կիրառումը հանգեցրել է իրենց հայցապահանջի ըստ էության՝ բովանդակային քննության մերժման՝ դատարանի մատչելիության իրավունքի խախտման․ «․․․Դիմողները գտնում են, որ հայցային վաղեմության ինստիտուտի նպատակն իրավական պետությունում իրավական որոշակիությունը, կանխատեսելիությունը և անվտանգությունն է, իսկ տևական և շարունակական խախտման դեպքում իրավական որոշակիության մասին խոսք լինել չի կարող, քանի որ սույն դեպքում առաջնահերթությունն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքն է»:
Գործով պատասխանողը՝ Ազգային ժողովը, գտնում է, որ դիմողների կողմից վիճարկվող՝ Քաղաքացիական օրենսգրքի իրավադրույթում բացակայում են իրավական անորոշությունն ու օրենսդրական բացը: Պատասխանողը նշում է, որ ըստ էության, դիմողների պնդումները միտված են հայցային վաղեմության կիրառման նոր կարգավորումներ սահմանելուն, այլ ոչ թե արդեն իսկ առկա կարգավորումների շրջանակում օրենսդրական բացին․ «․․․Պատասխանողը գտնում է, որ Քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը»:
ՍԴ-ի դիրքորոշումը արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ
Դատարանը գտել է, որ այս սահմանադրական վեճի լուծման նպատակով այլևս անհրաժեշտ չէ հայցային վաղեմության՝ վեճի շրջանակում քննության անհրաժեշտությունը Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արդար դատաքննության իրավունքի շրջանակներում։ ՍԴ-ն հղում է կատարում Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ կետին․ «․․․Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ»։
Սահմանադրական դատարանի որոշումւը և դրանում առկա եզրահանգումները անհնար են դարձնում Քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված՝ հայցային վաղեմության ընդհանուր կանոնից բացառությունների ցանկում նախնական և համարժեք փոխհատուցման պահանջը չներառելը որպես օրենքի բաց դիտարկելը։
Դատարանը նշում է․ հանրային իշխանության որևէ մարմնի, ներառյալ օրենսդրին վերապահված չէ Սահմանադրությամբ նախատեսված «նախնական և համարժեք փոխհատուցում» տրամադրելու Սահմանադրի խոստման սահմանափակման իրավասություն։
ՍԴ որոշումը
Բարձր դատարանը ՔՕ 344-րդ հոդվածը գտել է Սահմանադրությանը համապատասխանող ու տվել դրա մեկնաբանությունը։
«․․․1999 թվականի հունվարի 1-ից մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը ժամանակահատվածում սեփականատիրոջ համաձայնության բացակայությամբ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման իրավահարաբերություններից բխող վեճերում նախնական և համարժեք փոխհատուցման պահանջը չնախատեսելը չի կարող մեկնաբանվել որպես հայցային վաղեմության կիրառման հիմք, քանի որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասի (սեփականության օտարման պահին գործող՝ 1995 թվականի Սահմանադրության 28-րդ հոդվածի 4-րդ նախադասության) հիման վրա՝ սեփականատիրոջ համաձայնության բացակայությամբ օտարված գույքի դիմաց նախնական և համարժեք փոխհատուցման պահանջների նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հայցային վաղեմության ժամկետների վերաբերյալ դրույթները առհասարակ չեն կարող տարածվել»,-նշվում է որոշման մեջ։
Սահմանադրական դատարանը գտել է, որ դիմողների նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է օրենքով սահմանված կարգով վերանայման: Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Դատարանի ամբողջական որոշմանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։
Հիշեցնենք՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության շրջանում (1998-2008 թթ) Հյուսիսային պողոտայի և Բուզանդի փողոցի նախկին բնակիչների սեփականության օտարման պատճառով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդդեմ Հայաստանի վճիռներ է կայացրել։
ՄԻԵԴ-ում Հայաստանի լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը դեռևս 2019-ին հայտնել էր, որ այդ վճիռների հետևանքով Հայաստանի կառավարությունը Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներին պետական բյուջեից արդեն 324 հազար 581 եվրո է փոխհատուցել։
Եվգենյա Համբարձումյան