ՄԱԿ-ը և միջազգային այլ կազմակերպություններ անգործության են մատնված, մինչ Գազայի հատվածում իսրայելական բանակը կոտորում է խաղաղ բնակչությանը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք ևս մեկ անգամ ականատես եղանք, որ ՄԱԿ-ը և միջազգային այլ կազմակերպություններ անարդյունավետ և կույր են, երբ մահմեդականներ են սպանվում: Միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի Գազայում տեղի ունեցած ջարդերի դեմ։ Սակայն մենք տեսնում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կրկին անգործության է մատնված»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Նա նաև քննադատել է ԱՄՆ դիրքորոշումն իսրայելա-պաղեստինյան հակամարտության ֆոնին։ Նրա խոսքով՝ «թեև մի շարք երկրների կառավարություններ ձգտում են արդարացնել Իսրայելին իրենց իմպերիալիստական շահերով, սակայն իրենց հասարակությունների աչքում իրենք երեխա սպանող երկիր են»։
Էրդողանը հավելել է, որ մտադիր է ակտիվացնել «հեռախոսային դիվանագիտությունը»՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը լուծելու համար։ Նա նշել է, որ «խաղաղության համար ավելի բարենպաստ հիմք չի կարող լինել, քան հանդիպումը, որին կմասնակցեն տարածաշրջանի բոլոր դերակատարները՝ ներառյալ պատերազմող կողմերը»:
Նա նաև նշել է, որ Թուրքիան այն երկիրն է, որն առաջարկում է խնդրի լուծման համար առավել կիրառելի պայմաններ։ «Թուրքիան առանցքային երկիր է տարածաշրջանում ճգնաժամերի և խնդիրների լուծման համար»,- ասել է նա։
Թուրքիայի ղեկավարը կրկին ընդգծել է, որ պաղեստինյան Համաս շարժումն ահաբեկչական կազմակերպություն չէ, այլ մարդիկ, ովքեր իրենց ամբողջ ուժով փորձում են պաշտպանել իրենց հողերը և պայքարում են իրենց հայրենիքի համար։
Նա անդրադարձել է նաև տարածաշրջանում Թուրքիայի դերին։ «Այս աշխարհագրությունում անհնար է նախաձեռնություններ կամ ծրագրեր իրականացնել՝ առանց Թուրքիային այս աշխարհագրությունում հաշվի առնելու։ Մեր տարածաշրջանը պետք է անհապաղ ազատվի այն երկրներից, որոնք տասնյակ հազարավոր կիլոմետրեր հեռու են և ցանկանում են իրենց ազդեցությունն այստեղ հաստատել»,- նշել է Թուրքիայի ղեկավարը։