Իսրայելի զինված ուժերը երբեք չեն խոստացել չհարձակվել Գազայի հատվածի հարավային հատվածի վրա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է պահեստազորի մեջ գտնվող Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Տեղում իրավիճակը դինամիկ է, պատերազմ է ընթանում: Եվ ես ուզում եմ ընդգծել, որ մենք կոչ ենք արել և կշարունակենք կոչ անել պաղեստինցիներին գնալ հարավ: Այնուամենայնիվ, ոչ մի փուլում մենք չենք հայտարարել, որ չենք հարձակվելու հարավային Գազա»,- ասել է նա։
«Կարծում եմ, որ կարող են լինել դեպքեր, երբ մենք հարվածներ կհասցնենք Գազայի կարևոր ռազմական օբյեկտներին», – հավելել է ռազմական խոսնակը:
Նրա խոսքով՝ իրենք երբեք չեն ասել, որ չեն հարձակվելու Գազայի հարավային հատվածների վրա․ միայն ընդգծել էին, որ կկենտրոնացնեն հիմնական մարտերը կամ հիմնական գործողությունները գոտու հյուսիսում:
«Կարծում եմ, որ դա միանգամայն պարզ է և միանգամայն ակնհայտ նրանց համար, որ հետևում են իրավիճակին»,- եզրափակել է Կոնրիկուսը։