Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումներ կատարելու համար կարող են կիրառվել`
ա) տուգանքի նշանակում.
բ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողության կասեցում.
գ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողության դադարեցում:
Տույժ նշանակելն իրավախախտում կատարած իրավաբանական անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որի չկատարման համար նշանակվել է տույժ:
Եթե իրավաբանական անձն օրենքով սահմանված կարգով ենթարկվում է պատասխանատվության, ապա այդ նույն իրավախախտման համար ֆիզիկական անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության:
Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար նշանակվող տուգանքը չի կարող լինել նվազագույն աշխատավարձի քսանապատիկից պակաս և չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափը:
Քաղաքաշինության բնագավառում մինչև շինարարությունը և շինարարության ընթացքում թույլ տրված իրավախախտումների համար տույժերը նշանակվում են ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում` իրավախախտումները հայտնաբերելու օրվանից և երկու տարուց ոչ ուշ` իրավախախտում թույլ տալու օրվանից, բայց ոչ ուշ` օբյեկտի շինարարության ավարտական ակտի ձևակերպման օրվանից: