Ճապոնիայում նոր կղզի է ձևավորվել

Տոկիոյի համալսարանի երկրաշարժերի հետազոտությունների ինստիտուտի փորձագետները հայտարարել են ճապոնական Իո կղզու մոտ ստորջրյա հրաբխի ժայթքման արդյունքում մոտ 100 մետր տրամագծով նոր կղզու ձևավորման մասին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Հոկտեմբերի 30-ին իրականացված օդային դիտարկումների ընթացքում հաստատվել է ստորջրյա հրաբխի ժայթքումը Իո կղզու տարածքում։ Մասնագետները կարծում են, որ ժայթքման ժամանակ, երբ մագման մտել է օվկիանոսի ջրեր, տեղի է ունեցել այսպես կոչված ֆրեատոմագմատիկ պայթյուն, որի ժամանակ ջրի մակերևույթի տակից դուրս են նետվել հսկայական քարեր։

Ժայթքման վայրից ոչ հեռու հայտնաբերվել է մոտ 100 մետր տրամագծով նոր կղզի։ Նրա մակերեսը ծածկված է հրաբխային ապարներով, իսկ շրջակայքի սահմանամերձ ջրային տարածքն ունի մոխրագույն-բեժ երանգ։ Դրա պատճառով փորձագետները կարծում են, որ ժայթքումների շարունակման հետ կղզու չափերը նույնպես կարող են մեծանալ:

Իո կղզին գտնվում է Օգասավարա կղզիների շղթայում՝ Տոկիոյից հազարավոր կիլոմետրեր դեպի հարավ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել