Ցավալի է, որ «Փաստաբանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերը շրջանառության մեջ դնելուց առաջ Արդարադատության նախարարությունը հարկ չի համարել այն քննարկել փաստաբանների հետ: Այս մասին այսօր Փաստաբանների պալատի կազմակերպած վերոհիշյալ օրենքի նախագծերի դեմ քննարկման ժամանակ ասաց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ Մարատ Ատովմյանը:
Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը նշեց, որ Արդարադատության նախարարությունից տեղեկացել էին, որ Հանրային պաշպանների գրասենյակի պահպանման համար ինչ-որ նախագիծ է մշակվում, բայց բովանդակության մասին` չգիտեին:
«Սահմանադրության 20-րդ հոդվածը նախատեսում է, որ պետությունն է ապահովվում անվճար իրավաբանական օգնության տրամադրումը քաղաքացիներին` օրենքով նախատեսված դեպքերում: Այսինքն` դա պետության պարտավորությունն է, որն այսօր ապահովում է հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով: Պետությունը` որպես պատվիրատու, որոշակի գումար է վճարում հանրային պաշտպանի գրասենյակին, հանրային պաշտպանի գրասենյակն էլ իր հանրային պաշտպաններով այդ ծառայությունը մատուցում է»,- ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը` նշելով, որ Հանրային պաշտպանի գրասենյակը փաստաբանների միջոցների հաշվին պահելն անընդունելի է:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի օրենսդրական բարեփոխումների հարցերով փորձագետ Սոնա Հարությունյանը նշեց, որ ՀԵԻԱ-ն պատրաստվում է նախագիծ ներկայացնել Արդարադատության նախարարությանը, համաձայն որի` այն գումարները, որ այսօր պետությունը տրամադրում է Հանրային պաշտպանի գրասենյակին, մրցութային կարգով տրամադրի իրավաբանական ընկերություններին:
«Այստեղ և՛ դաշտը կազատականացվի, և՛ մրցակություն կստեղծվի իրավաբանական ընկերությունների միջև և այդ գումարների մի մասը կծախսվի ոչ թե տեխնիկական հագեցվածության վրա, այլ` անձանց իրավունքների որակյալ պաշտպանության»,- ասաց Սոնա Հարությունյանը:
Հիշեցնենք, որ օրենքի նախագծում փաստաբաններից գանձման ենթակա պետական տուրքի գումարները նախատեսվում է ուղղել հանրային պաշտպանի գրասենյակի պահպանման, փաստաբանների պետական գրանցամատյանի տեխնիկական սպասարկման և շահագործման ծախսերի համար:
«Ավազակություն, կողոպուտ»,- Կառավարության այդ նախագիծն այսպես բնորոշեց Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը` խոսքի վերջում հավելելով, որ ասված բառերը դեռ մեղմ են:
Իրավաբան.net