«Իսրայելը, ստանալով անվերապահ աջակցություն Արևմուտքից և ԱՄՆ-ից, Գազայում հանցագործություններ է կատարում մարդկության դեմ։ Պետությունը պետք է հետևի պատերազմի կանոններին, սակայն Իսրայելը թիրախավորում է հիվանդանոցները: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք շարունակում ենք շփումները գործընկերների հետ, աշխատում ենք ապահովելու, որ Իսրայելից յուրաքանչյուր անձ, որ ռազմական հանցագործություններ է կատարել, կանգնի օրենքի առջև», – ասել է նա։
Էրդողանը նաև քննադատել է միջազգային հանրությանը Գազայի հատվածում «անգործության» համար։ Նա դատապարտել է Եվրամիությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ համարժեք պատասխան չտալու համար: Էրդողանն ընդգծել է Գազայում իրավիճակի լրջությունը։
«Ես սա ասում եմ շատ հստակ և միանշանակ՝ նրանց ձայնը, որր այսօր լուռ հետևում են Գազայում հազարավոր երեխաների մահվանը, վաղը ոչ մի հարցում որևէ նշանակություն չի ունենա»:
Էրդողանը վստահեցրել է, որ Թուրքիան կշարունակի պահպանել իր ամուր դիրքորոշումն այս հարցում։