Իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում և փաստաբանական գործունեություն իրականացնելու համար համապատասխան արտոնագիր ունենալն Արդարադատության նախարարության կողմից մշակված օրենքի նոր նախագծի չափանիշներով դեռ բավարար չէ որպես փաստաբան հանդես գալու համար: Դրա համար անհրաժեշտ է նաև օրենքով սահմանված կարգով հաշվառվել փաստաբանների պետական գրանցամատյանում:
Հայաստանի փաստաբաններն այսօր իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Փաստաբանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի համար:
Կառավարությունն այդ նախագծերով նախատեսել է փաստաբանների պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ և այդ լիազորությունը վերապահվել է ՀՀ արդարադատության նախարարությանը:
Խնդիրն այն է, որ ՀՀ փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանին փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար նախատեսվել է գանձել տարեկան պետական տուրք` 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամի չափով:
Հատկանշական է, որ այս պահի դրությամբ փաստաբանների հաշվառումն իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատը: Ընդ որում, դա կատարում է անվճար:
«Հետաքրքիր հակասություն կա. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը նախատեսում է, որ պետական տուրք վճարում է պետական մարմնի ծառայություններից օգտվող անձը: Արդյո˚ք գրանցամատյան վարելով՝ փաստաբանն օգտվում է պետական մարմնի ծառայությունից: Ընդ որում, նախագծի մեջ շատ հետաքրքիր ձևով բացահայտվել է այդ «ծառայության» շահառուն, գրված է՝ պետական մարմիներն ու հասարակությունը: Այսինքն՝ ստացվում է, որ այդ գրանցամատյանը վարվում է, որպեսզի դրանից օգտվեն պետական մարմնիններն ու հասարակությունը փաստաբանի մասին տեղեկություն ստանալու համար: Ու այստեղ պետական տուրքի գաղափարախոսությունը խախտվում է. այդ դեպքում ինչո˚ւ պետք է վճարի փաստաբանը, փաստաբանը ո˚ր ծառայությունից է օգտվում,-իր ելույթում նշեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի օրենսդրական բարեփոխումների հարցերով փորձագետ Սոնա Հարությունյանը հայտնեց, որ ՀԵԻԱ-ն ևս դեմ է օրենքի նախագծին և իր ակտիվ մասնակցությունն է ունենալու նախագիծը շրջանառությունից հանելու գործում:
Օրենքի նախագծով՝ գրանցամատյանում հաշվառման նպատակն է փաստաբանների վերաբերյալ տեղեկատվության հավաքման, մշակման և տրամադրման միջոցով նպաստել՝
1) օրինականության ապահովմանը և յուրաքանչյուրի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրականացմանը.
2) փաստաբանների հետ իրավահարաբերությունների մեջ գտնվող անձանց իրավունքների և շահերի պաշտպանվածությանը:
Անդրադառնալով նախագծի վերոհիշյալ հոդվածին՝ փաստաբան Արտակ Գարոյանն ասաց. «8 տարի գործում է ՀՀ փաստաբանների պալատը: Կուզենայի, որ Արդարադատության նախարարության ներկայացուցիչները հստակ պատասխան տան, թե ռեգիստրի բացակայությամբ քանի դեպք կա, երբ խախտվել է օրինականությունը և փաստաբանների հետ իրավահարաբերություններում մեր շահառուները պաշտպանված չեն եղել»:
Վերջինիս խոսքով՝ նախագծով Արդարադատության նախարարությունը ցանկություն ունի աղճատելու Փաստաբանների պալատի անդամերի միասնությունը:
Օրենքի նախագծով՝ փաստաբանների պետական գրանցամատյանի վարման և համակարգման աշխատանքներն իրականացնելու է ՀՀ արդարադատության նախարարությունը, իսկ գրանցամատյանում հաշվառման, հաշվառումից հանելու և հաշվառման տվյալներում փոփոխություն կատարելու աշխատանքները իրականացնելու է ՀՀ փաստաբանների պալատը:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը պաշտոնապես հայտարարեց, որ նախագծով Փաստաբանների պալատին վերագրվող որևէ գործառույթ պալատը չի իրականացնելու և պայքարելու են նախագծի դեմ՝ մինչև այն հետ կանչվի:
Օրենքի նախագծում նախատեսվող փաստաբաններից գանձման ենթակա պետական տուրքի գումարները նախատեսվում է ուղղել հանրային պաշտպանի գրասենյակի պահպանման, փաստաբանների պետական գրանցամատյանի տեխնիկական սպասարկման և շահագործման ծախսերի համար:
Նշենք, որ միջոցառմանն Արդարադատության նախարարության ներկայացուցիչները չէին եկել. «մեղադրյալի» աթոռը դատարկ մնաց:
Նունե Հովսեփյան
Իրավաբան.net