Վերջին 5 տարիների համար ծնելիության ամենաբարձր ցուցանիշն ունենք․ Նիկոլ Փաշինյան

Ես ուզում եմ արձանագրել, որ այդ նպատակներից մեկն ի վերջո, իմ կարծիքով՝ պետք է ունենա հետևյալ ձևակերպումը, որ Հայաստանի Հանրապետությունը նրա համար է, որ իր քաղաքացիների ապրելը, անվտանգությունը և բարեկեցությունն իր տարածքում դարձնի որպես առանցքային նպատակ։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Մեծ հաշվով, հարգելի գործընկերներ, պետությունը պետություն է այնքանով, թե ինչքան մարդ է այնտեղ ապրում, ինչքան մարդ է այնտեղ ծնվում, ինչքան մարդ է այդ երկրի հետ կապում իր և իր երեխաների ապագան։ Այս առումով ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ առնվազն 2023 թվականի հունվար-օգոստոսին մենք վերջին 5 տարիների համար ծնելիության ամենաբարձր ցուցանիշն ունենք։ Սա շատ կարևոր ազդակ է։

Ընդ որում, մենք ունենք նաև բնական աճի ամենաբարձր ցուցանիշը վերջին տարիների համար, և ընդհանրապես, եթե չեմ սխալվում, նույնիսկ պատմականորեն։ Սրանով եմ ուզում ամփոփել իմ այսօրվա ելույթը` արձանագրելով, որ ահա սա է մեր առանցքային նպատակը, որ Հայաստանի Հանրապետությունում մարդիկ ապրեն, լինեն ազատ, ունենան ստեղծագործելու և երջանիկ լինելու հնարավորություն, ոչ միայն իրավունք, այլև իրագործելի հնարավորություն։ Իհարկե, այս առումով հիմնական և առանցքային խնդիրն անվտանգությունն է՝ և՛ ներքին, և՛ արտաքին անվտանգությունը։ Այդ անվտանգությունը և ստեղծագործելու ազատ, ժողովրդավարական հանրությունում բարեկեցիկ և երջանիկ ապրելու հնարավորությունը ստեղծելն է Հայաստանի Հանրապետության կառավարության առանցքային նպատակը և ուղենիշն այն ըմբռնմամբ, որ քաղաքացիներն իրենք անձամբ պիտի հնարավորություն ունենան աշխատանքով, ստեղծագործելով իրենց երջանկությունը և բարեկեցությունն ապահովել։

Մեր հավաքական ջանքերի արդյունքում է, որ մենք իրար հետ կարողանանք ապահովել Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների արտաքին և ներքին անվտանգությունը։ Կրկին ուզում եմ ասել, որ անվտանգությունը սովորաբար կամ առավելապես հաճախ ընկալվում է որպես միայն սպառազինություն, բանակ և այլն և այդպես շարունակ, բայց ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել, որ միայն բանակով երբևէ որևէ երկիր չի կարողացել և չի կարողանալու ապահովել անվտանգություն, եթե պետության հիմքում անվտանգային գործունակ հայեցակարգեր, մոտեցումներ և գաղափարախոսություն դրված չեն։

Եվ այսօր ես շատ կարևոր համարեցի, որ թվերին և ցուցանիշներին զուգահեռ ուշադրություն հրավիրեմ այս խնդրի վրա, որովհետև պետական բյուջեն ի վերջո միայն երկրորդ հերթին է ֆինանսատնտեսական փաստաթուղթ, այն առաջին հերթին քաղաքական փաստաթուղթ է և, կարծում եմ, այս կարևորագույն քաղաքական ուղերձները հղելու կարևորագույն առիթ և հարթակ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել