Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հրամանատարական կենտրոնը, ինչպես նաև Իսրայելի վրա հարձակման ստորգետնյա և վերգետնյա ենթակառուցվածքները գտնվում են Գազայի ամենամեծ Շիֆա հիվանդանոցի տարածքում, հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, բրիգադային գեներալ Դանիել Հագարին, փոխանցում է РИА Новости-ն։
«ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական ենթակառուցվածք ունի հիվանդանոցների տարածքում… Այն տեղակայել է հրամանատարական և օպերատիվ կենտրոններ հիվանդանոցի (Շիֆայի) ներսում տարբեր վայրերում, որտեղից իրականացվում է հրթիռային կրակի և ՀԱՄԱՍ-ի ստորաբաժանումների հրամանատարությունը։ Մենք հստակ ապացույցներ ունենք, որ հարյուրավոր ահաբեկիչներ հոկտեմբերի 7-ի ջարդից հետո թաքնվել են հիվանդանոցում»,- ասել է Հագարին ճեպազրույցում։
Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցչի խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի կողմից հիվանդանոցն օգտագործելու մասին տեղեկատվությունը հիմնված է Ռազմական հետախուզության վարչության և Իսրայելի գլխավոր անվտանգության ծառայության (Շին Բեթ) կողմից հավաքագրված հետախուզության լայն շրջանակի վրա: Այս տեղեկությունն արդեն տրամադրվել է Իսրայելի դաշնակիցներին, հավելել է Հագարին։
Հագարին նշել է, որ բացի Շիֆայի հիվանդանոցից, որն ունի 1500 մահճակալ և 4000 աշխատակից, ՀԱՄԱՍ-ն օգտագործում է այլ «զգայուն» վայրեր, ինչպիսիք են դպրոցները, մզկիթները, ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքի կենտրոնները, որ օգնություն են տրամադրում Պաղեստինի փախստականներին։