Դուման հետաձգել է Ռուսաստանի Դաշնությունում հայկական վարորդական վկայականների ճանաչման մասին օրինագծի քննարկումը

Պետդումայի պատգամավորները որոշել են անորոշ ժամանակով հետաձգել Հայաստանի քաղաքացիների՝ ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն ծավալելու ժամանակ Ռուսաստանի Դաշնությունում ազգային վարորդական վկայականների ճանաչման մասին օրինագծի քննարկումը։ Այս մասին հայտնում է Խորհրդարանի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Լիագումար նիստի սկզբում օրինագծի քննարկումը կասեցնելու առաջարկ է արել Դումայի տրանսպորտի և տրանսպորտային կառուցվածքի զարգացման հանձնաժողովի ղեկավար Եվգենի Մոսկվիչևը։ Նրա կարծիքով, այս նախաձեռնությունը ներկայումս չի համապատասխանում Ռուսաստանի շահերին։

Ինչպես քննարկման ժամանակ նշել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, օրինագծով առաջարկվում է Հայաստանի քաղաքացիներին լրացուցիչ առավելություններ տալ, սակայն Հանրապետության (Հայաստանի՝ խմբ․)  ղեկավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել ռուսաց լեզվի կարգավիճակն ամրապնդելու համար։ Հաշվի առնելով տվյալ երկրում ռուսաց լեզվի կարգավիճակը, որոշում է կայացվում Ռուսաստանում աշխատելիս այդ  երկրի վարորդական վկայականներից օգտվելու հնարավորության մասին։

«Մենք նման որոշումներ ենք կայացրել Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ կապված, քանի որ ռուսաց լեզուն սահմանադրորեն ամրագրված է, իսկ Հայաստանի մասով մենք տեսնում ենք՝ ռուսերենը կարգավիճակ չունի, վերջին որոշումներն ամենևին ուղղված չեն այս ոլորտում հարաբերությունների զարգացմանը», – նշել է Վոլոդինը։ Նա հանձնարարել է Պետդումայի համապատասխան հանձնաժողովներին ուսումնասիրել այս հարցը և հետագա քայլեր առաջարկել Պետդումային։

Փաստաթուղթը նախաձեռնվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից և առաջին ընթերցմամբ ընդունվել Պետդումայի կողմից 2022 թվականի հունիսին։ Մասնավորապես, «Ճանապարհային անվտանգության մասին» օրենքում փոփոխությունները պետք է թույլ տանՀայաստանի քաղաքացիներին Հայաստանի վարորդական իրավունքով   աշխատել Ռուսաստանում  տրանսպորտային ոլորտում։ Ներկայումս տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապված ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելու համար պահանջվում են ռուսական վկայականներ՝ բացառությամբ Ղրղզստանի, Աբխազիայի, Բելառուսի, Ղազախստանի և Հարավային Օսիայի քաղաքացիների համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել