Վրաստանի նախագահը չի պատրաստվում հրաժարական տալ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սահմանադրական դատարանի որոշումից հետո հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, փոխանցում է РИА Новости-ն։

Վրաստանի Սահմանադրական դատարանը այսօր՝ հոկտեմբերի 16-ին,  հաստատել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին խախտել է երկրի գլխավոր  օրենքը։   Նա 2023 թվականի օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին և սեպտեմբերի 6-ին արտերկիր կատարած աշխատանքային այցերի ժամանակ ներկայացուցչական գործառույթներ է իրականացրել միջազգային հարաբերությունների ոլորտում՝ առանց Վրաստանի կառավարության համաձայնության, ինչով խախտել է Վրաստանի Սահմանադրության 52-րդ հոդվածը։ Հայցը նախկինում ներկայացրել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։

Դատարանի որոշումը դեռ պետք է հաստատի խորհրդարանը՝ 100 պատգամավորների ձայներով։ Խորհրդարանական մեծամասնությունն ունի 84 ձայն 150-ից, եթե խորհրդարանը հաստատի Սահմանադրական դատարանի որոշումը, նախագահը կհամարվի պաշտոնանկ արված՝ իմպիչմենտի միջոցով։

«Ես ուզում եմ ձեզ ասել, որ  ոչ մի տեղ չեմ գնում, ես հրաժարական չեմ տալիս։ Ես կլինեմ այնտեղ, որտեղ հիմա եմ և եղել եմ ամբողջ կյանքում, ինչի համար ես եկել եմ այստեղ, կանգնել եմ փողոցում՝ հանուն մեր եվրոպական և ժողովրդավարական ապագայի», – հայտարարել է Զուրաբիշվիլին ճեպազրույցի ժամանակ։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել