Հայաստանի վարչապետը 6 ժամով թռչում է Գրանադա, այնտեղ անհասկանալի հանդիպման է մասնակցում, որտեղ քննարկվում է Ադրբեջանը՝ առանց Ադրբեջանի. Ալիև

Մեզ Ֆրանսիայի նման միջնորդներ պետք չեն։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստի մասնակիցներին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Եթե ինչ-որ մեկը ցանկանում է զբաղվել միջնորդությամբ, ապա դա չպետք է լինի PR քարոզարշավի բնույթ, այլ պետք է իրականում միտված լինի արդյունքներին»,- հայտարարել է նա։

Ալիևի խոսքով, հոկտեմբերի 12-ին ռուսական կողմի առաջարկով Բիշքեկում պետք է կայանար Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։

«Մենք երախտագիտությամբ ենք ընդունում Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը, քանի որ Ռուսաստանը մեր հարևանն ու դաշնակիցն է, ինչպես նաև Հայաստանի դաշնակիցը, այս երկիրը գտնվում է մեր տարածաշրջանում՝ ի տարբերություն նրանց, ովքեր հազարավոր կիլոմետրեր հեռու են։ Եվ, բնականաբար, մեր երկրների հարաբերությունների պատմությունը ներառում է ռուսական կողմի միջնորդությունը։ Մենք դրական ենք ընդունել այս առաջարկը, և մեր արտգործնախարարը պատրաստ է հանդիպել իր ռուս և հայ գործընկերների հետ։ Ցավոք, հայկական կողմը հրաժարվեց այս հանդիպումից։ Հիմա հարց է առաջանում՝ Հայաստանը խաղաղությո՞ւն է ուզում։ Կարծում եմ՝ ոչ, քանի որ եթե խաղաղություն ցանկանային, չէին հրաժարվի այս հնարավորությունից։

Հայաստանի վարչապետը 6 ժամով թռչում է Գրանադա, այնտեղ անհասկանալի հանդիպման է մասնակցում, որտեղ քննարկվում է Ադրբեջանը՝ առանց Ադրբեջանի, բայց նա 2-3 ժամով Բիշքեկ չի կարող թռչել, կարևոր գործեր ունի»,-հայտարարել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահն ավելացրել է, որ իրենք պատրաստ են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ «Մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքը խաղաղության պայմանագրի վրա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել