Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կարգադրել է կառավարությանը անհապաղ սկսել Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդին հրատապ օգնություն տրամադրելու աշխատանքները, ինչպես նաև կոչ է արել միջազգային հանրությանը միանալ այդ գործին։ Պաղեստինի առաջնորդի հայտարարությունը մեջբերում է WAFA լրատվական գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իսրայելի կառավարությունը պատասխանատու է Գազայի հատվածում գտնվող մեր ժողովրդի ջրի, էլեկտրաէներգիայի և սննդի հիմնական մատակարարումները դադարեցնելու համար։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը անհապաղ միջամտել և պահանջել օկուպացիոն իշխանություններին կատարել իրենց պարտավորությունները օկուպացված ժողովրդի նկատմամբ»,- ասել է Աբասը։
Նա ընդգծել է, որ «միջազգային հանրությունը նույնպես պետք է կրի Պաղեստինի ժողովրդին անհապաղ օգնություն ցուցաբերելու իր պատասխանատվությունը»։
«Մեր ժողովուրդը Գազայում ենթարկվում է լայնածավալ ագրեսիայի, հարձակումների և սպանությունների իսրայելական օկուպացիոն ուժերի կողմից: Հրամայական է, որ մենք տրամադրենք այն ամենը, ինչը կթեթևացնի նրանց տառապանքը, լինի դա պետական, մասնավոր կամ հանրային և բարեգործական մակարդակներում»,- գործակալությունը մեջբերում է պաղեստինցի առաջնորդի խոսքերը։
WAFA-ն ավելի վաղ հայտնել էր, որ իսրայելական բանակը արգելափակում է անցակետերը Գազայի հատվածի հետ սահմանին՝ կտրելով անկլավի մատակարարման ուղիները առաջին անհրաժեշտության պարագաներով, դեղորայքով և վառելիքով։