Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն ամենաբացասական հետևանքը կունենա երկկողմ հարաբերությունների վրա․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրության վավերացումը ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա։ Երևանը հաշվի չի առել կանոնադրության վերաբերյալ Մոսկվայի  առաջարկները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչությունից։

«Հայ գործընկերներն ի սկզբանե տեղեկացված էին այն դիրքորոշման մասին, որ Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացումն անընդունելի է այն պայմաններում, երբ այս կառույցը «ձերբակալման օրդեր» է տվել Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը։Երկկողմ պայմանագիր կնքելու Երեւանի նախաձեռնությունը քննարկվել է, Մոսկվան առաջարկել է փոխզիջումային տարբերակ, որը կարող է հարմար լինել երկու կողմերին, ցավոք, այն հաշվի չի առնվել, փոխարենը Հայաստանում քաղաքական որոշում է կայացվել՝ հօգուտ Հռոմի ստատուտի վավերացման, ինչը ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա», – ասել են նախարարությունից։

Ինչպես ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն, Հայաստանի ներկայացուցիչների կողմից  առաջ քաշված թեզն այն մասին, որ ՄՔԴ-ին միանալը իբր որևէ ազդեցություն չի ունենա հայ-ռուսական կապերի վրա «իրականությանը չի համապատասխանում»։

«Առնվազն դժվար է պատկերացնել Ռուսաստանի ղեկավարության այցը Հայաստան, հատկապես, երբ իշխող կուսակցության պատգամավորները կոչ են անում ձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Հաագայի «թեմիսների» խնդրանքով։ Մոսկվայում հույս ունեն, որ Հայաստանի Ազգային ժողովում կլինեն սթափ մտածող ուժեր, որոնք չեն ստորագրի  հայ-ռուսական հարաբերությունների համար ակնհայտ թունավոր որոշման տակ»,- ամփոփել է ՌԴ ԱԳՆ-ն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել