Ո՞րն է այն վերջը, Ձեր կարմիր գիծը, որ Ձեզ կստիպի հեռանալ․ Հակոբ Ավագյանը՝ ՀՀ նախագահին

ՓՄՁ ասոցիացիայի համահիմնադիր Հակոբ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին (ում հետ նախկինում շատ առիթներ ենք ունեցել մասնակցելու տարբեր մասնագիտական քննարկումների), և նրանց, ովքեր պատվից ցածր չեն համարի պատասխանել նվաստիս այս երկու հարցին.

– եթե մենք ( պաշտոնական հայկական կողմը ներկայացնողները) Արցախը ճանաչում ենք հարևան երկրի կազմում, բացատրեք խնդրեմ մոտ 30 տարի, տարբեր ռազմական գործողությունների ընթացքում իրենց կյանքը զոհած հերոսները, մեր եղբայրները, իմ քրոջ տղան, ձեր բարեկամի տղան, մի վառ երեխու հայրը, մի հրաշք աղջկա սիրեցյալը …

Այս թեզով այլևս չեն համարվո՞ւմ Արցախի, Հայաստանի ազգային հերոսներ։

Նրանք այլևս տեռորիստներ են, ովքեր հարևան երկրում ինչ-որ ռազմական գործողության են մասնակցե՞լ։

Արդյոք մենք մեզ ներելու ենք, որ հայ տղուն, ով երեկ իր երեխուն ու տունն էր պաշտպանում Արցախում, թողեցինք մենակ, թողեցինք առանց փամփուշտի։

Երկրորդ

– երբ դուք ստանձնում էիք պաշտոն, մանդատ, ձեր գլխում ի՞նչ սցենար էիք պատկերացնում, որի դեպքում դուք հրաժարական կտայիք։

Եվ, ի վերջո, որն է այն ՎԵՐՋԸ, Ձեր կարմիր գիծը, որ Ձեզ կստիպի հեռանալ։

Գիտեք, որ ես ոչ մի քաղաքական աֆիլիացիա չունեմ, ու սա ձեզ հարցնում եմ որպես հայ մարդու։

Այս հարցերս վեր են ցանկացած այն հիմնավորումներից, որ հիմա փորձում են մեր գլուխը լցնել (Ալմա Աթայի փաստաթուղթ, դրսի ուժեր, նախկիններ և այլ լվացք):

– ինչ ստատուս ունեն մեր հերոս զոհված տղերքը հիմա,

– որն է Ձեր կարմիր գիծը որից հետո կթողնեք Ձեր պաշտոնը (հաշվի առնելով որ Ձեր պաշտոնը ենթադրում է մի շարք կարևոր փաստաթղթերի վավերացում և այլն, մենք չգիտենք թե որն է մեր երկրի նախագահի համար անթույլատրելի կարգավորումները որի դեպքում դուք կհեռանաք»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել