Թևանյանը կոչով դիմեց Գագիկ Ծառուկյանին, Վարդանյան եղբայրներին, Սամվել Ալեքսանյանին, Սամվել Կարապետյանին և այլ խոշոր ընկերությունների ղեկավարներին

Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Անդրանիկ Թևանյանը ներկայացրեց անհնազանդության ակցիաների ժամանակ վաղվանից մեկնարկող գործողությունները՝ նշելով, որ դրանք կազմակերպված իրականացնելու դեպքում մի քանի օրում իշխանափոխություն տեղի կունենա։

Ուսանողությունը պետք է իրականացնի դասադուլներ, նույնը հորդորի անել դասախոսներին։ Վաղը առավոտյան 07։30-ից սկսած՝ Երևանի տարբեր հատվածներում փողոցները փակելու գործողություններ, որ տեղաշարժը պարալիզացվի։ Նա կոչ արեց գործադուլ սկսել։

«Դիմում եմ կոնկրետ անուններով, որ գործարարներն իմանան՝ եթե խոչընդոտեն կոլեկտիվների գործողությունները, դա համարելու ենք այդ գործարարների կողմից Փաշինյանի թուրքադրբջանական քաղաքականությանը աջակցություն․ Գագիկ Ծառուկյան, Վարդանյան եղբայրներ, Սամվել Ալեքսանյան, Սամվել Կարապետյան, ռուսական խոշոր ընկերություններ»,- ասաց Անդրանիկ Թևանյանը։

Այս գործարարները, ինչպես նշեց Թևանյանը, 2018 թվականին նպաստել կամ առնվազն չեն խոչընդոտել, որ կոլեկտիվները մասնակցեն հանրահավաքներին, ինչի արդյունքում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը երկիրը հասցրել է այս արհավիրքին։

«Եվ եթե իմանանք՝ խոշոր գործարարները այժմ խոչընդոտել են կոլեկտիվներին՝ մասնակցել, հանրայնորեն նշվելու են անուններ և որոշում ենք կայացնելու պաշտպանել աշխատավորներին»,- ասաց Անդրանիկ Թևանյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել