Լեռնային Ղարաբաղի բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը։

«Պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են մնալ այն տեղերում, որտեղ իրենք գտնվել են հրադադարի հաստատման պահին։ Նույնը վերաբերում է Ադրբեջանի զինված ուժերին։ Մեր տեղեկություններով ընդհանուր առմամբ հրադադարի ռեժիմը պահպանվում է՝ տեղ-տեղ իհարկե եղել են խախտումներ»։

Նրա խոսքով՝ կան, իհարկե,  կոմունիկացիայի բարդություններ և դժվարույթուններ, բայց ընդհանուր առմամբ իրավիճակը կայուն է։ Վարչապետն ընդգծել է, որ  քաղաքացիական բնակչության շրջանում  զանգվածային զոհերի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

«Ոչ մի րոպե մի մոռացեք, որ ես դեռևս Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման առաջին իսկ օրն այս դահլիճից ասել եմ, որ դրա նպատակը ՀՀ-ին պատերազմի մեջ ներքաշելն է և ՀՀ-ում քաոս ստեղծելը։ Եվ այս պահին հրադադարը դեռ չի նշանակում, որ այդ հարցն այլևս օրակարգում չէ։ Ուզում եմ ընդգծել, որ ստորագրվող փաստաթղթի կողմ մենք չենք եղել և դրա կազմման մեջ որևէ մասնակցություն չենք ունեցել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է արցախցիների ճակատագրին՝ վարչապետը նշել է, որ նրանք պետք է ապրեն իրենց հայրենիքում։

«Լաչինի միջանցքն արդեն տասն ամիս փակ է։ Այդ ամբողջ ընթացքում և այս պահին էլ Լաչինի միջանցք տանող ճանապարհները՝ հայաստանյան, փակ չեն եղել և շարունակում են փակ չլինել։ Այս շաբաթվա մեկնարկին ես հանձնարարական եմ տվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված խմբերին դիմավորելու, կենցաղային պայմաններն ապահովելու համար։ Մենք ընդհուպ հյուրանոցային համարներ ենք ամրագրել, կեցավայրեր ենք նախապատրաստել նրանց համար»,- ասել է վարչապետը։

Նա նշել է, որ, սակայն, այդկերպ Ադրբեջանն իրականացնում իր  հիմնական նպատակներից մեկը՝ տեղահանել արցախցիներին՝ ներկայացնելով, որ իրենց մեղավորությունը չկա։

«Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները պետք է ապրեն իրենց տներում։ Մեր գնահատականն այն է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա»,- ընդգծել է վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել