«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը Հանրապետության հրապարակում հավաքվածներին ասաց, որ պատրաստ է ցանկացած քայլի և անձնազոհության՝ հանուն Հայաստանի և Արցախի։ Նա պնդեց, որ «աթոռն» իրեն չի հետաքրքրում։
Թևանյանը հավաքվածներին կոչ արեց անդադար և առանց ընդմիջումների սատար կանգնել այն ծրագրին, որը հիմա նա կառաջարկի։
«Մենք մնալու ենք այստեղ մինչև Նիկոլ Փաշինյանի հրաժարականին և հեռացմանը հասնելը։ Ես հիմա խնդրում եմ ձեզ, նրանք, ովքեր ունեն այդպիսի հնարավորություն, աջակցեն անձամբ ինձ։ Ես չեմ պատրաստվում տարածքի կամ մարտի լքման՝ մինչև չհասնենք փոփոխության։ Ես մնալու եմ այստեղ և կոչ եմ անում 24 ժամյա ռեժիմով անընդհատ մնալ ու աջակցել։ Հիմա իմ բնակարանը դառնում է այս տարածքը։ Ես ձեզ խնդրում եմ՝ ինձ օգնեք տեղադրեմ այն վրանը, որտեղ ես մնալու եմ այնքան ժամանակ, մինչև ժողովուրդը գա, հավաքվի և մենք միասին, ժողովրդի ճնշմամբ հասնենք փոփոխությունների»,-նշեց Թևանյանը։
Ընդդիմադիր գործիչը հայտնեց նաև, որ դրան զուգահեռ խորհրդարանում իրականացվելու է իշխանազրկման գործընթաց։ Նա հավաքվածներին խնդրեց օգնել տեղադրել վրանը։
«Ուղեկցեք ինձ։ Ես որևէ խնդիր չունեմ պաշտոնի կամ այլ բաների»,-նշեց Անդրանիկ Թևանյանը։
Փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը ընդդիմադիրների հետ զրույցում նշեց, որ Հրապարակում վրան չի կարող տեղադրվել․ «Ձեր ակցիան իրականացնո՞ւմ եք՝ իրականացրեք, բայց վրան չի տեղադրվելու»։
«Դուք ասեք՝ տեղադրում ենք, մենք ասենք՝ չեք տեղադրում ու թույլ չտանք տեղադրել։ Հրապարակի կենտրոնում վրա՞ն եք դրում»,-ընդդիմադիրներին դիմելով ասաց ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ ոստիկանությունը տվյալներ ուներ, որ մարդկանց պայուսակներում քարեր կան, սակայն այդ մասին Անդրանիկ Թևանյանը չհայտարարեց։ Ոստիկանապետն առաջարկեց մեքենա կանգնեցնել, դրա մեջ գիշերել։
Ոստիկանությունը 10 րոպե ժամանակ տվեց՝ վրանները հեռացնելու համար։