Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման թեստավորման փուլի լրամշակված հարցաշարը հաստատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի սեպտեմբերի 6-ի հրամանով:
Ըստ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի հավաստագրման համար քննությունների կազմակերպման կարգի՝ հավաստագրումը պարտադիր գործընթաց է: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիրը տրվում է հինգ տարի ժամկետով։
Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Ղեկավարման իրավունքի հավաստագրման թեստավորման փուլի նոր հարցաշարում ներառված է 738 հարց` ՀՀ Սահմանադրության, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Տեսչական մարմինների մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Գնումների մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքների, Քաղաքացիական, Աշխատանքային, Վարչական իրավախախտումների օրենսգրքերի, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների կանոնադրության, ֆինանսավորման, մանկավարժական աշխատողների ընտրության, աշակերտների ընդունելության կարգերի և մի շարք այլ ենթաօրենսդրական ակտերի մասին: