Dasaran.am ապրանքային նշանի սեփականատիրոջ և «Էլ …» ՍՊ ընկերության տնօրենի նկատմամբ ևս ընտրվել է խափանման միջոց

Dasaran.am ապրանքային նշանի սեփականատեր Սուրեն Ալոյանի նկատմամբ ընտրվել է վարչական հսկողություն և գրավ՝ 1 մլն դրամի չափով։

Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Էլ …» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Բ.-ի նկատմամբ ընտրվել է տնային կալանք։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 20 միլիոն դրամ գրավը։

Հիշեցնենք, որ ՔԿ-ից հայտնել էին, որ կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Գ.Ա.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ և սահմանված կարգով նշանակված լինելով ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար 2019, 2020 և 2021 թվականներին կազմակերպված N ծածկագրերով թվով երեք գնման ընթացակարգերում պատասխանատու ստորաբաժանման ղեկավար, պաշտոնեական դիրքն օգտագործելով «Էլ …» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, «Նոր …» հասարակական կազմակերպության տնօրեն, «DASARAN.AM» ապրանքային նշանի սեփականատեր Ս.Ա.-ի և գնումների հայտերը նախագծած անձանց՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ՎՏԱ բաժնի պետ Կ.Պ.-ի և նույն վարչության գլխավոր մասնագետ Ա.Ա.-ի օժանդակությամբ, պաշտոնական փաստաթղթերում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ և խաբեության եղանակով, շահադիտական նպատակով, 2019-2021 թվականների ընթացքում պետությունից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 106.300.000 ՀՀ դրամ:

Քրեական դատավարության օրենսգրիք հոդված 124. Վարչական հսկողությունը

1. Վարչական հսկողությունը մեղադրյալի տեղաշարժման և գործողությունների ազատության սահմանափակումն է, որի պայմաններում նա պարտավոր է ոչ հաճախ, քան շաբաթը երեք անգամ գրանցվել դատարանի որոշման մեջ նշված վայրի իրավասու մարմնում:

2. Դատարանի որոշմամբ մեղադրյալին կարող է արգելվել նաև`

1) առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության փոխել մշտական կամ ժամանակավոր բնակության վայրը՝ համայնքը, իսկ Երևան քաղաքում՝ վարչական շրջանը.

2) այցելել որոշման մեջ նշված որոշակի վայրեր.

3) հաղորդակցվել որոշակի անձանց հետ.

4) օրվա որոշակի ժամերի լքել իր բնակության տարածքը, սակայն ոչ ավելի, քան 12 ժամը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արգելքները սահմանելիս հաշվի են առնվում մեղադրյալի առողջական վիճակը, ինչպես նաև աշխատանքի և ուսման պայմանները:

4. Մեղադրյալի նկատմամբ վարչական հսկողություն կիրառելու մասին որոշման պատճենը կատարման նպատակով ուղարկվում է դատարանի կողմից սահմանված իրավասու մարմնին:

5. Իրավասու մարմինն անհապաղ գրանցում է մեղադրյալին և նրան հսկողության ընդունելու մասին տեղյակ պահում վարույթն իրականացնող մարմնին:

6. Մեղադրյալի վարքագծի նկատմամբ հսկողությունը դատարանի որոշմամբ իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հատուկ էլեկտրոնային միջոցներով: Մեղադրյալը պարտավոր է իր վրա մշտապես կրել նշված էլեկտրոնային հսկողության միջոցները, չվնասել դրանք, ինչպես նաև արձագանքել իրավասու մարմնի հսկողության ազդանշաններին:

7. Վարչական հսկողության կիրառման կարգի և բողոքարկման վրա տարածվում են կալանքի համար սույն օրենսգրքով սահմանված դրույթները:

Հոդված 125 Գրավը

1. Գրավը իրավասու մարմնի որոշմամբ սահմանված դրամական գումար է, որը Հայաստանի Հանրապետության դրամի, շարժական գույքի, արժեթղթերի կամ այլ արժեքների ձևով պահատվության է փոխանցվում համապատասխան որոշմամբ նշված բանկի կամ այլ վարկային կազմակերպության դեպոզիտ մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովելու նպատակով: Որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույք, եթե գրավ կիրառելու մասին որոշմամբ հատուկ նշվել է դրա հնարավորության մասին:

2. Գրավի չափը որոշելիս հաշվի են առնվում մեղադրյալին վերագրվող հանցանքի ծանրության աստիճանը և մեղադրյալի գույքային դրությունը: Գրավի արժեքի ապացուցման պարտականությունը կրում է գրավատուն:

3. Գրավը կարող է մուծել մեղադրյալը կամ ցանկացած այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձ: Եթե գրավը մուծում է այլ անձ, ապա նրան բացատրվում է մեղադրյալին ներկայացված մեղադրանքի էությունը, ինչպես նաև մեղադրյալի կողմից անօրինական վարքագիծ դրսևորվելու դեպքում՝ վրա հասնող հնարավոր հետևանքները:

4. Գրավատուն ներկայացնում է գրավի մուծված լինելը հավաստող փաստաթուղթ, որը կցվում է վարույթի նյութերին: Գրավը կիրառված է համարվում գրավի մուծված լինելը հավաստող փաստաթուղթը վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու պահից:

5. Եթե մեղադրյալը թաքնվել է վարույթն իրականացնող մարմնից, պարբերաբար չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնի հրավերով կամ էապես խոչընդոտել է վարույթին, ապա հսկող դատախազը կայացնում է գրավը պետության եկամուտ դարձնելու մասին որոշում և դրա պատճենը եռօրյա ժամկետում ուղարկում է մեղադրյալին և գրավը մուծած անձին` նրանց պարզաբանելով այդ որոշման բողոքարկման` սույն օրենսգրքի 299-301-րդ հոդվածներով սահմանված կարգը: Եթե որպես գրավ ընդունվել է անշարժ կամ շարժական գույք, ապա խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով այդ գույքի վաճառքից մնացած գումարի այն մասը, որը գերազանցում է գրավի չափը, ենթակա է վերադարձման:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում դատական վարույթում գրավը պետության եկամուտ դարձնելու մասին որոշումը կայացնում է դատարանը։ Այդ որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված հատուկ վերանայման կարգով։

7. Գրավը վերադարձվում է գրավատուին բոլոր դեպքերում, երբ չեն ապացուցվել սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված խախտումները, կամ գրավը որպես խափանման միջոց վերացվել կամ փոխվել է: Գրավը վերադարձնելու մասին որոշումն ընդունվում է համապատասխան խափանման միջոցը վերացնելու կամ փոխելու մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել