Մտավոր խնդիրներ ունեցող որդու տվյալները հայտնվել են ընտրացուցակում․ ոստիկանությունը՝ ստացված ահազանգերի մասին

ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտնել է, որ Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում հասարակական կարգի պահպանման, ինչպես նաև ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ձեռնարկվել են մի շարք կազմակերպչական և նախապատրաստական միջոցառումներ։ Ստեղծվել է օպերատիվ շտաբ, ձևավորվել են համապատասխան աշխատանքային խմբեր։

Արմեն Մկրտչյանի փոխանցմամբ՝ նախընտրական ժամանակաշրջանում, քարոզարշավի ընթացքում (օգոստոսի 23-ից սեպտեմբերի 16-ը) ոստիկանություն են ստացվել և քննարկվել ընդհանուր 26 հաղորդումներ, որոնցից 8-ը առերևույթ հանցագործության հատկանիշներ են պարունակում, 18-ը՝ ստուգման ենթակա այլ տեղեկություններ։ Նշված 8 հաղորդումներն ուղարկվել են Քննչական կոմիտե, 7-ով նախաձեռնվել են քրեական վարույթներ։

«4-ը եղել են քարոզչությանը խոչընդոտելու դեպքեր, 2-ը՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 1-ը՝ հավաք անցկացնելը խոչընդոտելուն է վերաբերումը, 1-ը՝ ընտրական իրավունքի խոչընդոտմանն է վերաբերել»,-նշեց նա։

Այսօր, ժամը 08։00-ից մինչ այժմ ստացվել և քննարկվել է 2 ստուգման ենթակա տեղեկություն, որոնցից մեկը 2 մեքենաներով ճանապարհը փակելուն, իսկ մյուսը մտավոր խնդիրներ ունեցող քաղաքացու տվյալները ընտրացուցակում հայտնվելուն են վերաբերել։ 1 տեղեկություն էլ ստացվել է անհայտ քաղաքացուց, որը պնդել է՝ հանձնաժողովի նախագահը «մարդ է բերում ընտրատեղամաս»։ Նշված բոլոր ահազանգերով ստուգողական աշխատանքներ են կատարվում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել