Սեպտեմբերի 16-ին համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես են մանկապարտեզի աշխատակիցները բռնության ենթարկում սաներին: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում անմիջապես սկսվել է ուսումնասիրություն:
Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։
ՄԻՊ աշխատակազմն անմիջապես կապ է հաստատել ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչների հետ՝ միջադեպի առնչությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:
Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են:
Պաշտպանն ընդգծում է, որ պետությունն ունի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը բռնությունից։