Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 15-ին ցավակցական հեռագիր է հղել անվանի պետական գործիչ Սեմյոն Բաբայանի ընտանիքին:
Հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա մեր ժողովրդի նվիրյալ զավակ, անվանի պետական գործիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Սեմյոն Բաբայանի մահվան մասին:
Սեմյոն Բաբայանն Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկներից էր, մարդ, որն անձնվիրաբար ծառայել է հարազատ ժողովրդի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, շոշափելի ավանդ է ունեցել մեր երկրի տնտեսության, գիտության, կրթության և այլ ոլորտների կայացման ու զարգացման գործում:
Սեմյոն Բաբայանի ազգանպաստ ու հայրենանվեր գործունեությունը բարձր է գնահատվել մեր ժողովրդի և պետության կողմից:
Անդառնալի կորստի կապակցությամբ Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, մաղթում բոլորին տոկունություն ու ոգու կորով:
Սեմյոն Բաբայանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա արցախցիների հիշողության մեջ»: