Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական անգամ սկսել է շահարկել ռուս խաղաղապահների կողմից Արցախից Հայաստան մարդկանց տեղափոխությունը՝ վերջին խումբը ներկայացնելով իբր որպես Հայաստանի զինծառայողների տարհանում Արցախից:
Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Արցախի նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
1․Հայաստանի ոչ մի զինծառայող վաղուց Արցախում չի գտնվում, որի վերաբերյալ բազմիցս հայտարարվել է Արցախի ու Հայաստանի իշխանությունների կողմից:
2․Հունիսի 15-ից օգոստոսի 21-ը Ադրբեջանը ամբողջությամբ արգելափակել է մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժը Լաչինի միջանցքով, բացառությամբ ԿԽՄԿ-ի շատ սահմանափակ թվով հիվանդների տեղափոխումը։
3․Օգոստոսի 21-ից 28-ը ռուս խաղաղապահների կողմից Արցախից Հայաստան են տեղափոխվել մի քանի հարյուր ուսանողներ և ՌԴ քաղաքացիներ ու նրանց ընտանիքների անդամներ:
4․Վերջին օրերին վերականգնված տեղափոխության արդյունքում Հայաստան են տեղափոխվել, իմ տեղեկություններով, հերթում սպասող ուսանողներ, ՌԴ քաղաքացիներ և Արցախի շինարարության, հանքարդյունաբերության ու այլ ոլորտներում ժամանակին աշխատող և գործազուրկ դարձած ՀՀ քաղաքացիներ: Հավանաբար հենց այս վերջին խմբին էլ ադրբեջանցիները փորձում են ներկայացնել իբր որպես զինծառայողներ:
5․Կարևոր է ընդգծել, որ և՛ օգոստոսյան, և՛ վերջին տեղափոխություններն իրականացվել են միակողմանիորեն, քանի որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս խաղաղապահներին Հայաստանից Արցախ վերադարձնել հերթում սպասող բազմաթիվ արցախցիների: Ահա սա ադրբեջանական էթնիկ զտման ու հարկադիր տեղահանման քաղաքականության վառ օրինակներից է, երբ Արցախի բնակիչները փաստորեն կարող են լքել հայրենիքը, բայց չեն կարող վերադառնալ այնտեղ՝ իրենց ընտանիքների մոտ:
Հուսամ՝ Արցախի լիազոր պետական մարմինները հանդես կգան լրացուցիչ պարզաբանումներով այս հարցի շուրջ», – գրում է Բեգլարյանը: