ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն օգոստոսի 31-ին պարգևատրել է դպրոցը գերազանցության մեդալով ավարտած շրջանավարտներին:
Մեդալների հանձնման արարողությանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
Շնորհավորելով մեդալակիր շրջանավարտներին կրթության ասպարեզի այս նշանակալի հաջողության համար՝ Ժաննա Անդրեասյանը մասնավորապես ասել է․ «Դպրոցում սովորելու տարիներին դուք ցույց եք տվել այն առաջադիմությունը, հմտություններն ու որակները, որոնց շնորհիվ այսօր արժանանում եք վաստակած մեդալներին: Թող սա լինի ձեր մեծ հաջողությունների սկիզբը: Սա ձեր կատարած մեծ աշխատանքի գնահատականն ու վաստակն է, և այսօր այն տեսանելի է: Լավ սովորելու արդյունքում դուք ստանում եք լրացուցիչ գնահատանք ու մոտիվացիա՝ առաջ գնալու, նոր հաջողություններ գրանցելու և ձեր նպատակներին հասնելու համար: Սա նշանակում է, որ ամեն ինչ հնարավոր է, եթե կա աշխատանք, ձգտում և կամք»:
ԿԳՄՍ նախարարը հաջողություն է մաղթել մեդալակիրներին կյանքի հետագա փուլերում՝ ինչպես զինված ուժերում ծառայության, այնպես էլ՝ բարձրագույն կրթության համակարգում ուսումնառության ընթացքում։
«Մաղթում եմ, որ ամեն հաջորդ տարի գրանցեք մասնագիտական և անձնային աճ, որը բերելու է նպատակների իրականացում՝ ի շահ մեր պետության զարգացման: Ուզում եմ, որ այս նոր մեկնարկող ուսումնական տարին, որը նաև կյանքի նոր փուլ է նշանավորում, լինի լուսավոր ապագայի և ձեռքբերումների մեկնարկ»,– նշել է Ժաննա Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել նաև շրջանավարտների ուսուցիչներին և նրանց ծնողներին։
«Ցանկացած աշակերտի հաջողությունը նաև ուսուցիչների մեծ աշխատանքի արդյունքն է: Վստահ եմ՝ յուրաքանչյուր ծնողի համար նման պահերը հենց այն երջանկությունն են, որի մասին երազել են»,- խոսքն ամփոփել է նախարարը:
Նշենք, որ 2022-2023 ուսումնական տարում դպրոցը ոսկե մեդալով են ավարտել շուրջ 138 շրջանավարտներ: