Մեղադրյալ Աշոտյանի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունենալու հանգամանքը հաստատող որևէ ապացույց նախարարին ուղղված հաղորդմամբ չի ներկայացվել. ԱՆ պարզաբանումը

Արդարադատության նախարարությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է․

«Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Արդարադատության նախարարությունը մերժել է Արմեն Աշոտյանի գործով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դիմումը, նշելով, որ դիմումում առկա նկարագրությունը բավարար չէ վարույթ հարուցելու համար:

Թեմայի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը. Տիգրան Աթանեսյանի կողմից 17.08.2023 թվականին դիմում է ներկայացվել արդարադատության նախարարին (արդարադատության նախարարությունում այն ստացվել է 21.08.2023 թվականին) թիվ ՀԿԴ/0157/06/23 դատական գործով Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ։

Դիմումի հիմքում մասնավորապես դրվել է Դատավորի կողմից մեղադրյալ Արմեն Աշոտյանի նկատմամբ կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը բավարարելու մասին որոշմամբ Քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 9-րդ մասի, ինչպես նաև Քրեական օրենսգրքի 9-րդ մասի ենթադրյալ խախտում թույլ տալու հանգամանքը:

Դիմումում նշված փաստարկների և համապատասխան իրավական նորմերի համադրված վերլուծության արդյունքում, հաշվի առնելով օրենսդրական կարգավորումներն, ըստ որոնց, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթն իրականացվում է նախ և առաջ դատավորի և դատարանի անկախությունը հարգելու և հեղինակությունը բարձր պահելու սկզբունքների պահպանմամբ, ինչպես նաև այն հանգամանքը, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով՝ դիմումին տրվել է պատասխան առ այն, որ դրա շրջանակներում ներկայացված փաստարկներով չի հիմնավորվում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առերևույթ լինելը:
Դիմում նշվել է նաև, որ առերևույթ առկա է կասկած Դատավորի անկողմնակալ չլինելու վերբերյալ այն հիմնավորմամբ, որ Մեղադրյալը նախկին իշխանության ամենաերևելի ներկայացուցիչներից է և հստակ դիրքորոշում ունի 01.03.2008 թվականի դեպքերի վերաբերյալ, որը չի համապատասխանում այդ ժամանակվա ընդդիմության կարծիքի հետ, իսկ Դատավորի հայրը և հարազատ եղբայրը քաղաքական հետապնդումներին ենթարկվել և ազատազրկել են նշված դեպքերի կապակցությամբ:

Հարկ է նշել, որ դիմումով չի ներկայացրել Դատավորի սուբյեկտիվ ընկալումների տիրույթում գտնվող հարցի՝ Մեղադրյալի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունենալու հանգամանքը ապացուցող փաստական հիմքեր և դրանք հիմնավորող ապացույցներ, որպիսի պարագայում, հաշվի առնելով դրա սուբյեկտիվ բնույթը, հնարավոր չէ նշված փաստը հաստատված համարել: Անհրաժեշտ է ընդգծել, որ դատավորի անաչառությունն ու անկողմնակալությունը սուբյեկտիվ կատեգորիաներ են և յուրաքանչյուր դեպքում դատավորն ինքն է ունակ ու պարտավոր գնահատելու՝ արդյո՞ք տվյալ գործով նա կարող է հանդես գալ որպես արդարադատություն իրականացնող սուբյեկտ: Հետևաբար, Դատավորի կողմից տվյալ վարույթի ընթացքում անկողմնակալ լինելու վերաբերյալ համոզմունք ունենալու պայմաններում հնարավոր չէ միանշանակ դատողություն անել և հաստատված համարել ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ Դատավորի կողմից կողմնակալ լինելու վերաբերյալ տպավորություն ստեղծելու փաստը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել