ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթներով 2023թ․ առաջին կիսամյակում վերականգնվել է 15 մլրդ 825 մլն դրամի գույքային վնաս

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ամփոփել է ՀՀ քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում քրեական վարույթներով պարզված՝ պատճառված գույքային վնասի և դրա վերականգնման ուղղությամբ 2023 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքները:

Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է հանցագործությամբ պատճառված 2 մլրդ. 735 մլն. ՀՀ դրամի չափով վնաս։ 

Մասնավորապես վերականգնվել է ՝ 

  • պետությանը պատճառված 2.022.936.000 ՀՀ դրամ գույքային վնաս,
  • համայնքներին պատճառված 31.374.000 ՀՀ դրամի վնաս,
  • իրավաբանական անձանց պատճառված 136.309.000 ՀՀ դրամի վնաս,
  • ֆիզիկական անձանց պատճառված 544.479.000 ՀՀ դրամի վնաս։ 

2023թ ընթացքում նաև շուրջ 3 մլրդ. 400մլն. ՀՀ դրամ փաստացի վերականգնվել է ՀՀ քննչական կոմիտեում քննվող՝ առանձին ավտոներկրող կազմակերպությունների առերևույթ հանցավոր գործունեության արդյունքում արհեստականորեն դեբետագրված ԱԱՀ-ի գծով պարտավորությունների և հարկային վնասների՝ ամբողջությամբ զրոյացման  արդյունքում։ 

Համեմատության համար նշենք, որ 2022թ ամբողջ տարվա ընթացքում ՀՀ ՔԿ  ստորաբաժանումներում նախաքննությունն ավարտված քրեական գործերով և ոչ արդարացման հիմքով մերժված նյութերով վերականգնված ընդհանուր գույքային վնասը կազմել է 1մլրդ 705մլն ՀՀ դրամ։ Այսինքն 2023թ առաջին կիսամյակում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով պետությանը, համայնքներին, իրավաբանական և ֆիզիկական անձանց վնասի վերականգնման ցուցանիշը 2022թ ամբողջ տարվա արդյունքը գերազանցում է շուրջ 60,5%-ով։

Վերոնշյալ ցուցանիշները չեն ներառում ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության  քննության գլխավոր վարչության աշխատանքի արդյունքները՝ հաշվի առնելով, որ այն ՀՀ քննչական կոմիտեի կազմում ընդգրկվել է 2023թ հունվարի 1-ից և համադրելի չեն կարող լինել 2022թ արդյունքների հետ։

Այդուհանդերձ, միայն նշված վարչության կողմից այս տարվա առաջին կիսամյակում ավարտված և ընթացիկ վարույթներով  վերականգնվել է 9 մլրդ 690մլն ՀՀ դրամ գումարի չափով պետությանը պատճառված վնաս։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել