Կանանց գումարտակի համալրման գործընթացը շարունակվում է։ Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ կյանքի է կոչվել 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ծրագիրը։
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Ծառայության ժամկետը 6 ամիս է, որի ընթացքում ծրագրի մասնակիցները ծառայում են բացառապես ուսումնական զորամասում։
Վեցամսյա ժամկետը լրանալու կամ մինչև լրանալն առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում մասնակիցները կստանան պատվովճար՝ 6 ամիսը լրիվ ծառայելու պարագայում՝ 1 միլիոն դրամ, իսկ վաղաժամկետ զորացրվելու դեպքում՝ նշված գումարը վեց ամսվա բաժանելու և փաստացի ծառայած ամիսների թվով բազմապատկելու արդյունքում ստացված չափով։
6-ամսյա ժամկետը լրանալուց հետո մասնակիցները կարող են ծառայությունը շարունակել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով և անցնել 5 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության՝ այդ դեպքում, բնականաբար, օգտվելով «Պաշտպան հայրենյաց» ծրագրի բոլոր արտոնություններից:
Մանրամասն տեղեկությունների համար անհրաժեշտ է դիմել ՊՆ Զ և ԶՀԾ տարածքային ստորաբաժանումներ կամ զանգահարել 1-28։