Արարատ Միրզոյանը Սլովենիայի ԱԳՆ-ին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը

Օգոստոսի 28-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ։ Հանդիպումը կայացել է Սլովենիայում անցկացվող Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում:

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Սլովենիայի միջև երկկողմ համագործակցության հարցերի, ընթացիկ ծրագրերի՝ պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել երկկողմ քաղաքական երկխոսությունն առավել ակտիվացնելու ուղղությամբ:

Անդրադառնալով անկախացումից ի վեր ամենախոշոր բնական աղետի՝ ջրհեղեղների հետևանքով Սլովենիայի կրած վնասներին՝ Նախարար Միրզոյանը Հայաստանի համերաշխությունն է հայտնել Սլովենիայի ժողովրդին և աջակցության պատրաստակամություն հայտնել՝ հաղթահարելու բնական աղետի հետևանքները: Ընդգծել է բնական և մարդածին աղետների դեմ համարժեք արձագանքի և քայլերի կարևորությունը:

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության շուրջ:

Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր:

Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը և շեշտել, որ անթույլատրելի է 21-րդ դարում 120 հազար մարդկանց փաստացի պաշարման մեջ պահելու Ադրբեջանի քաղաքականությունը, որը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը:

Նախարար Միրզոյանն ընդգծել է ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներն ի կատար ածելու, Լաչինի միջանցքի արգելափակումն անհապաղ վերացնելու և Լեռնային Ղարաբաղում վերահաս հումանիտար աղետը կանխելու հրամայականը: Շեշտվել է միջազգային գործընկերների կողմից, այդ թվում՝ ԵՄ և իր անդամ պետությունների կողմից հստակ ուղերձների, քայլերի կարևորությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել