Ինչպե՞ս է հաշվարկվում միջին ամսական և օրական աշխատավարձը

Բոլոր այն դեպքերում, երբ աշխատողին երաշխավորվում է միջին աշխատավարձ, անհրաժեշտ է լինում հաշվարկել աշխատողի միջին աշխատավարձը:

Աշխատանքային օրենսգրքով նախատեսված բոլոր դեպքերում միջին աշխատավարձի չափը որոշելու բոլոր դեպքերի համար սահմանվում է հաշվարկման միասնական կարգ: Միջին աշխատավարձի հաշվարկման համար հաշվի են առնվում աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն), որոնք կիրառվում են տվյալ կազմակերպությունում` անկախ վճարման աղբյուրից:

Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:

Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում: Եթե այս պատճառներից որևէ մեկով տասներկու ամիսները չեն ձևավորվում, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է` տվյալ ժամանակահատվածում մյուս բոլոր ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (բացառությամբ պարգևատրման գումարների) ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով, իսկ պարգևատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով:
Այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձի հաշվարկման պահանջ առաջանալու ամսվան նախորդող տասներկու ամիսներում աշխատողը չի ունեցել փաստացի հաշվարկված աշխատավարձ, կամ տասներկու ամիսներում առկա են վերը թվարկված՝ տասներկու ամիսներում չներառվող ժամանակահատվածները, միջին աշխատավարձի փոխարեն հաշվարկման համար հիմք է ընդունվում աշխատողի համար օրենսդրությամբ սահմանված պաշտոնային դրույքաչափը կամ աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին իրավական ակտով սահմանված ամսական աշխատավարձը: Եթե սահմանված է ժամային դրույքաչափ, ապա հաշվարկների համար հիմք է ընդունվում ժամային դրույքաչափը:

«Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի: Իսկ եթե աշխատանքային շաբաթը վեցօրյա է, այդ դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի»,-Իրավաբան.net-ին հայտնում է փաստաբան Արփինե Եղիկյանը:

Մեկ ամսից պակաս աշխատած աշխատողների միջին օրական աշխատավարձը որոշվում է` աշխատած օրերի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը աշխատած օրերի թվի վրա բաժանելու միջոցով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել