Այսօր Բերձորի միջանցքում՝ Հակարի կամրջի անօրինական անցակետում ադրբեջանցիների կողմից առևանգված երիտասարդներն են` Ալեն Սարգսյան, Լևոն Գրիգորյան, Վահե Հովսեփյան, գրում է Artsakhpress-ը։
Նրանք, ըստ հրապարակումների, Մարտունու «Ավո» ֆուտբոլային թիմի մարզիկներ են։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 13:00-ի սահմաններում դեպի Հայաստան տեղափոխվող անձինք հասել են Լաչինի միջանցքում՝ Հակարի կամրջի մոտ, տեղակայված ադրբեջանական անօրինական անցակետ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռք բերված տեղեկատվության համաձայն՝ 2001 թվականի ծնված Ալեն Նելսոնի Սարգսյանն ադրբեջանական սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչների կողմից ուժի և հարկադրանքի կիրառմամբ առևանգվել և տարվել է անհայտ ուղղությամբ։
Բացի դրանից, Արցախից ՀՀ տեղափոխվող անձանցից ևս հինգ հոգու Ադրբեջանի սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչները տարել են անցակետի մոտ տեղադրված հատուկ սենյակ՝ հարցաքննելու։ Հարցաքննության ընթացքում տվել են տարաբնույթ հարցեր՝ սպորտով զբաղվածությունը, ՀՀ գնալու նպատակը, Հայաստանում և Արցախում տնտեսական իրավիճակը և այլն։
Ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ նախօրոք համաձայնեցված ցուցակներում առկա անձանցից ևս երկու հոգի՝ Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը չեն հատել անօրինական անցակետը, սակայն չի հաջողվում նրանց հետ կապ հաստատել։