Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառներ է ունեցել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Տավուշի մարզ այցի շրջանակում չնախատեսված կանգառներ է ունեցել մի քանի բնակավայրերում, որտեղ ծանոթացել է ճանապարհաշինական ծրագրերի ընթացքին:

Վարչապետը նախ եղել է Դիտավանում, որտեղ ընթացքի մեջ են 3,1 կմ երկարությամբ ճանապարհի շինաշխատանքները: Ծրագրի իրականացման նպատակով պետական բյուջեից հատկացվել է 461 մլն դրամ: Պատասխանատուները զեկուցել են, որ աշխատանքներն ավարտին կհասցվեն առաջիկայում:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել Իջևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհի 6,9 կմ հատվածի շինաշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն մինչ տարեվերջ: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 938 մլն դրամ:

Ակնաղբյուրում արդեն իսկ ավարտին են հասցվել 2,9 կմ երկարությամբ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները: Ծրագիրը գնահատվում է 225 մլն դրամ:

Մարզկենտրոն Իջևանում վարչապետ Փաշինյանը ծանոթացել է ներքաղաքային 500 մետր ավտոճանապարհի ավարտված աշխատանքներին: Դրանք իրականացվել են սուբվենցիոն ծրագրերի շրջանակում, ներդրվել է 80 մլն դրամ: Վարչապետը եղել է նաև Իջևանում ԿԳՄՍ-ի հետ համագործակցությամբ բացված «ԼՈՖԹ» կենտրոնում՝ ծանոթացել ստեղծված պայմաններին և վերջինիս գործունեությանը:

Հովք բնակավայրում 1,2 կմ ճանապարհահատվածում իրականացվում են տուֆապատման աշխատանքներ: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքները կավարտվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Ծրագրի համար հատկացվել է 60 մլն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է Կառավարությունը:

Գոշ բնակավայրում ևս 1400 մետր ճանապարհին իրականացվել են տուֆապատման աշխատանքներ, որոնց համար հատկացվել է 73 մլն դրամ: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում միջոցների 60 տոկոսը տրամադրել է Կառավարությունը:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ճանապարհաշինական ծրագրերի շարունակական և հետևողական իրականացումը և ընդգծել որակի խիստ պահպանման անհրաժեշտությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել