Մի՛ այրեք խոզանները։ Զգուշացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։
«Հաճախ մարդիկ, չգիտակցելով դրա բացասական հետևանքները, գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ կամ հետո այրում են խոզաններն ու բուսական մնացորդները՝ ուղղակի նպաստելով շրջակա միջավայրի կարևորագույն բաղադրիչների ոչնչացմանը։
Հրդեհները կարող են ոչնչացնել բնակմիջավայրերը, ներառյալ անտառները, առանձին էկոհամակարգերը` խոտածածկ և ջրաճահճային տարածքները: Սա հանգեցնում է տարբեր բույսերի և կենդանիների տեսակների համար կարևոր ապաստարանների և բնադրավայրերի կորստի:
Շատ տեսակներ, մասնավորապես որդերը, միջատները, սողունները, մանր կաթնասունները, կրծողները, մանր թռչունները, չունեն հնարավորություն հրդեհներից պաշտպանվելու կամ փրկվելու համար: Նրանք, ինչպես նաև դրանց բները, ձվերը, ձագերը և այլն, կարող են ոչնչանալ կրակի կամ ծայրահեղ շոգի պատճառով, ինչը կարող է հանգեցնել տեսակների անհետացման կամ դրանց պոպուլյացիաների նվազմանը:
Հրդեհները կարող են խախտել էկոհամակարգերի նուրբ հավասարակշռությունը, կարող են խաթարել էկոլոգիական գործընթացները, ինչպիսիք են սննդանյութերի ցիկլը, սնման շղթայի կապերը, բույսերի սերմերի տարածումը: Այս խանգարումը կարող է ազդել տեսակների, ինչպես նաև էկոհամակարգերի ինքնավերականգնման հատկության վրա: Հրդեհի նկատմամբ զգայուն որոշ տեսակներ կարող են անհետանալ, մինչդեռ կրակին դիմակայելու ունակ տեսակները կարող են գերիշխող դառնալ: Սա կարող է հանգեցնել տեսակների կազմի փոփոխության, դրանց միջև նուրբ կապերի հավասարակշռության խախտման ու կենսաբազմազանության կորստի:
Որոշ էկոհամակարգերի դեպքում երկար ժամանակ է պահանջվում հրդեհից վերականգնվելու համար, հատկապես, եթե հրդեհների հաճախականությունն ու ուժգնությունը ավելի բարձր է, քան էկոհամակարգերի ինքնավերականգնման հատկությունը: Ինքնավերականգնման այս երկար ժամանակահատվածը կարող է վտանգել տարբեր բուսական և կենդանական տեսակների, դրանց պոպուլյացիաների վերականգնումը»,-ասվում է հաղորդագրության մեջ: