Տևական ժամանակ մշակույթի ոլորտի ներկայացուցիչները բարձրացնում էին այն հարցը, որ ինչպես սպորտի ոլորտում է պետությունը խրախուսում բարձր նվաճումներ ունեցող մարզիկներին, այնպես էլ նմանատիպ ուշադրության և խրախուսանքի կարիք կա մշակույթի ոլորտում հեղինակավոր հարթակներում հաջողություն գրանցող ստեղծագործողների նկատմամբ։ Այս մասին հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Այսօր հանրային քննարկման ենք դրել միջազգային հեղինակավոր փառատոններում և մրցույթներում մրցանակների արժանացած մշակույթի գործիչներին ամենամսյա դրամական խրախուսում տրամադրելու կարգը։
Երկար աշխատանք ենք տարել ըստ ոլորտների այդ փառատոններն ու մրցույթները առանձնացնելու համար՝ խորհրդակցելով ոլորտի մասնագետների և կառույցների հետ։ Առաջարկում եմ ծանոթանալ նախագծին և առաջարկներ ներկայացնել»,-նշել է նա։
Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է մշակույթի գործիչների համար խրախուսման համակարգերի ներդրման, ինքնազբաղ արվեստագետների համար բարենպաստ ստեղծագործական միջավայրի ձևավորման հանգամանքով:
Անվանական թոշակ կտրամադրվի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մշակույթի ոլորտի այն գործիչներին, որոնք որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ մասնակցել են միջազգային հեղինակավոր փառատոններին և մրցանակաբաշխություններին և արժանացել են մրցանակի:
Կառավարության որոշման նախագծում նշված է՝
Սույն կարգով կարգավորվում են մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոններում և մրցանակաբաշխություններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին անվանական թոշակի (այսուհետ՝ անվանական թոշակ) վճարման հետ կապված հարաբերությունները։
Անվանական թոշակ տրամադրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մշակույթի ոլորտի այն գործիչներին, որոնք որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ մասնակցել են հավելված 2-ում ներառված միջազգային հեղինակավոր փառատոններին և մրցանակաբաշխություններին և արժանացել են մրցանակի:
Անվանական թոշակի հատկացումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` նախարարություն)՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով:
4․ Անվանական թոշակի վճարումն իրականացվում է ամսական պարբերականությամբ, մեկ տարի ժամկետով, հավելված 2-ում նշված գումարի չափով, որը չի ներառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը և պարտադիր այլ վճարները:
5․ Միևնույն անձը սույն կարգի 2-րդ կետում նշված արդյունքներից (մրցանակներից) մեկից ավելի արդյունք ունենալու դեպքում վճարվում է դրանցից յուրաքանչյուրի համար։
6․ Ոչ անհատական (խմբային) արդյունքի դեպքում անվանական թոշակի հավելված 2-ում նշված գումարի չափը բաշխվում է խմբի անդամների միջև հավասարաչափ, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ հատկացվում է տվյալ իրավաբանական անձին, որի գործադիր մարմնի որոշմամբ իրականացվում է անվանական թոշակի բաշխումը։
7․ Անվանական թոշակի թեկնածուները կամ վերջիններիս գործատու հանդիսացող իրավաբանական անձիք սույն կարգի 2-րդ կետում նշված արդյունքներ ցուցաբերելուց հետո վեց ամսվա ընթացքում (2023 թվականի արդյունքների համար՝ մեկ տարվա ընթացքում) անվանական թոշակ ստանալու նպատակով կարող են դիմել Նախարարություն՝ դիմումին կից ներկայացնելով միջազգային հեղինակավոր փառատոնների և մրցանակաբաշխությունների մրցանակի արժանանալու փաստը վկայող նյութեր, ինչպես նաև անվանական թոշակի թեկնածուի և նրա բանկային տվյալները։
Անվանական թոշակի թեկնածուների հաշվառման, փաստաթղթերի հավաքման և անվանական թոշակի թեկնածուների հետագա առաջադրման նպատակով նախարարի կողմից ստեղծվում է հանձնաժողով։ Հանձնաժողովի կազմը ձևավորվում է նախարարության 3, մշակույթի ոլորտի ստեղծագործական միությունների մեկական ներկայացուցիչներից:
Սույն կարգի 8-րդ կետում նշված հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է եռամսյակային պարբերականությամբ, քննարկում է այդ եռամսյակի ընթացքում Նախարարություն դիմած անվանական թոշակի թեկնածուների հայտադիմումները, և համապատասխան առաջարկություններ ներկայացնում նախարարին:
Անվանական թոշակի չափերիը կարող եք տեսնել այստեղ։