Պատգամավորն առաջարկում է օրացույցում հիշատակի նոր օր ավելացնել

Iravaban.net-ը հայտնում է, որ Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարել։

Նախագծով առաջարկում է 2014թ. Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանել, որը կնշվի օգոստոսի 3-ին։

«Օրենսդրական նախաձեռնության նպատակն է լրացնել «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքը համապատասխան կարգավորմամբ, որը պայմանավորված է եզդի ժողովրդի հանդեպ տեղի ունեցած ցեղասպանության հիշատակման անհրաժեշտությամբ, հասարակության լայն շրջանակների կողմից այս մարդկային աղետի վերաբերյալ տեղեկացվածության առավել բարձրացմամբ, ինչպես նաեւ նախատեսելով համապատասխան կարգավորում՝ առավել կարեւորելու նման ծանր հանցագործությունների բացառումը՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին:

ՀՀ տոների եւ հիշատակի օրերի ցանկում ներառելով 2014թ. Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 56-րդ հոդվածով սահմանված ազգային եւ էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունքի առաջնահերթությունը, մենք կնպաստենք, որ ՀՀ քաղաքացիները եւս մեկ առիթ ունենան ուշադրություն դարձնելու մարդկության առջեւ ծառացած խնդիրներին եւ մասնավորապես նշված օրը վշտակցեն իրենց հետ բնակվող ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին, իսկ եզդի ազգի ներկայացուցիչները կօգտվեն առավել արդյունավետ գործիքակազմից՝ նշելու 2014թ. Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը»,-նշվում է հիմնավորման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել