Շիրակի մարզի ողբերգական ավտովթարի գործով կալանավորվել է «ԶԻԼ»-ի վարորդը

Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին ավտովթարի մասնակից «ԶԻԼ»-ի վարորդն այս գիշեր կալանավորվել է։ Այս մասին Iravaban.net-ին հայտնում են Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք՝ Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել էր 12 քաղաքացի։ Ուղևորներից 5-ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոններ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են Volkswagen մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ ZIL մակնիշի բեռնատարը։

Ողբերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։

Ըստ Քննչական կոմիտեի՝ վթարը տեղի է ունեցել Երեւան քաղաքի ուղղության երթեւեկելի ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ: Նա Գյումրիի ԲԿ-ում շարունակում է իր բուժումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել