Հանքարդյունաբերության ոլորտի խնդիրը ոչ միայն բացասական ազդեցությունները մեղմելն է, այլև զուտ դրական ազդեցություններ ձևավորելը

Հանքարդյունաբերության ոլորտի խնդիրը ոչ միայն բացասական ազդեցությունները մեղմելն է, այլ նաև զուտ դրական ազդեցություններ ձևավորելը:

Սա ամրագրված է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությամբ և հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանով (մինչև 2035 թվականը)։

Ժամանակակից հանքարդյունաբերության ամենաբարձր ստանդարտները պահանջում են ընդհանուր հաշվեկշռում բացասական ազդեցության մեղմման ու դրական ազդեցություն թողնելու միջոցառումների ապահովում, ինչը հնարավոր է իրականացնել գործնականում: Ե՛վ բնապահպանական, և՛ սոցիալական ժամանակակից լավագույն չափանիշներին հետևող հանքարդյունաբերական նախագծերը հիմնված են այն սկզբունքի վրա, որ մեղմեն ցանկացած հասցված վնաս և ավելացնեն այլ վայրում կամ այլ միջոցով դրական ազդեցություն։ Եթե նախկինում նպատակը սահմանվում էր՝ հաշվեկշռի ոչ մի կորուստ սկզբունքով, այսինքն՝ կտրված ծառերի կամ ազդեցության գոտում մնացած կենդանիների փոխարեն ստեղծել այլ տարածքներ՝ կենսաբազմազանությունը վերականգնելու համար, ապա այսօր ձգտում են անել ավելին, քան միայն վնասի վերականգնումը, և ընդհանուր առմամբ դրական հաշվեկշիռ ապահովել։ Այսպես, կենսաբազմազանության պաշտպանության այդ սկզբունքը կոչվում է զուտ հաշվեկշռի ավելցուկ։ Սոցիալական կառավարման ոլորտում այդ սկզբունքը կոչվում է զրո վնասից անդին։

Հանքարդյունաբերության ոլորտում պետական կառավարման հիմնական ուղղվածությունը եղել է շրջակա միջավայրի և ազդակիր համայնքների (բնակավայրերի) վրա բացասական ազդեցությունները սահմանափակելը:

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի բարեփոխումների արդյունքում ակնկալվում է, որ ոչ միայն կմեղմացվեն շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունները, այլ նաև աստիճանաբար կստեղծվեն դրական բնապահպանական և սոցիալական ազդեցություններ: Այս դրական ազդեցությունները պետք է հանրագումարով գերազանցեն բացասական ազդեցությունները, որպեսզի երկրում գրանցվի զուտ դրական ազդեցություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել