Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ մեղադրելով Ֆրանսիային տարածաշրջանում լարվածությունը մեծացնելու փորձերի համար։
Անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի՝ նախօրեին կայացած հեռախոսազրույցին՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է․
«Անհեթեթություն է որպես շրջափակում ներկայացնել սահմանային անցակետի գործունեությունը, որն ստեղծվել է Լաչինի ճանապարհին քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անվտանգությունը երաշխավորելու Ադրբեջանի պարտավորության համաձայն, ինչպես նաև Հայաստանի կողմից՝ այն ռազմական և անօրինական տնտեսական նպատակներով կիրառելը կանխելու նպատակով»։
Միևնույն ժամանակ ադրբեջանական արտաքին գերատեսչությունն ափսոսանք է հայտնել, որ «ֆրանսիական կողմը, հետևելով Հայաստանի մանիպուլյացիաներին, չի աջակցել այլընտրանքային ուղիների օգտագործման համաձայնագրերին, որոնց աջակցել են Եվրամիությունն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեն»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է նաև ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակ բացելու վերաբերյալ լուրերին՝ դրանք որակելով ապատեղեկատվություն և ընդգծելով, որ ֆրանսիացի նախարարի հղումն այդ միջադեպին
«մեկ անգամ ևս ապացուցում է, որ Ֆրանսիան շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ»։
«Լուրջ մտահոգության տեղիք է տալիս այն, որ Ֆրանսիան, որը 30 տարի շարունակ աչք էր փակում ադրբեջանցիների զանգվածային արտաքսման, նրանց դեմ պատերազմական հանցագործությունների վրա, այժմ փորձում է իրականացնել իր նենգ քաղաքականությունը տարածաշրջանում՝ օգտագործելով հայ բնակիչներին և հենվելով Հայաստանի կեղծ քարոզչության վրա»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում։