Հանքարդյունաբերության ոլորտը պետք է առաջնորդվի կայուն զարգացման օրակարգով

Հանքարդյունաբերության ոլորտում, առավել քան տնտեսության այլ ճյուղերում, կարևոր է միջազգային համատեքստը։ Սա ամրագրված է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությամբ և հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանով (մինչև 2035 թվականը)։

Հանքարդյունաբերությունն աշխարհում այն փոքրաթիվ ճյուղերից է, որն իր բնույթով իրապես միջազգային է: Զարգացած հանքարդյունաբերություն ունեցող երկրներից (Ավստրալիա, Կանադա, Չիլի) մինչև զարգացող հանքարդյունաբերությամբ տնտեսություններ (Չինաստան, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն, Ղազախստան)` բոլորն էլ միջազգային շուկայի մասնակիցներն են: Ուստի Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման ռազմավարության հիմքում ընկած են համաշխարհային շուկայի զարգացումների վերլուծությունը, միջազգային ստանդարտները, նորմերն ու կարգավորումները:

Հանքարդյունաբերության ոլորտը պետք է առաջնորդվի կայուն զարգացման օրակարգով

Հանքարդյունաբերությունը կարող է նպաստել ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրագործմանը: Կլիմայի փոփոխության ազդեցության սահմանափակման նպատակով աշխարհը շարժվում է «կանաչ տնտեսության» փոխակերպման ուղղությամբ, հետևաբար, ավելի է կարևորվել հանքարդյունաբերության ոլորտում կայուն աշխատակարգերի ներդնումը:

Վերականգնվող էներգակիրները, ջրի խնայողությունը, կենսաբազմազանության պահպանումը, սոցիալական պաշտպանվածությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը կայացած հանքարդյունաբերության անբաժան մասն են այսօր: Կայուն աճին նպաստող բնապահպանական, սոցիալական և կառավարչական (ԲՍԿ) հայեցակարգի գործոնները պետք է գործեն նաև Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում: Միևնույն ժամանակ «կանաչ տնտեսության» փոխակերպման ճանապարհին առաջանում են մի շարք մարտահրավերներ, ուստի ոլորտի ռիսկերի կառավարումը և վերահսկումը ևս կարևոր խնդիր է դառնում:

Վերը թվարկված ուղենիշային սկզբունքները նպատակաուղղված են սահմանելու այն դրույթները, որոնք պետք է հաշվի առնել քաղաքականությունն ու գործիքակազմը մշակելիս: Ռազմավարությամբ սահմանվում են զարգացման այն ուղղությունները, որոնք կհանգեցնեն հանքարդյունաբերության տեսլականի իրագործմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել