Ցավով հայտնում ենք, որ օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «Դասավադի՛ր, Հայաստան»-ի համայնքը անդառնալի կորուստ է կրել՝ կորցնելով իր խանդավառ նվիրյալ Ամալյա Մնացականյանին։
Այս մասին նշվում է «Դասավադի՛ր, Հայաստան» ծրագրի ֆեյսբուքյան էջում։
«2019 թվականին Ամալյան միացավ «Դասավադի՛ր, Հայաստան»-ին՝ որպես Ընտրության թիմի փորձնակ։ Իրեն դրսևորելով որպես աշխատասեր, եռանդուն ու նվիրված աշխատակից՝ Ամալյան հետագայում միացավ մեր թիմին և ծավալեց իր գործունեությունը մեր հիմնադրամում մինչև 2021 թվականի հոկտեմբերը։ Իր քրտնաջան և սրտացավ աշխատանքով Ամալյան նպաստել է հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ սերունդների մասնակիցների ընտրությանը։
«Դասավադի՛ր, Հայաստան»-ն իր ցավակցություններն է հայտնում Ամալյայի և պատահարից զոհվածների հարազատներին, բարեկամներին ու ընկերներին՝ մաղթելով տոկոնություն և համբերություն։
Ամալյայի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 15-ին, ժամը 18:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող Սբ. Սարգիս եկեղեցում»,-ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել «Զիլ» և «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցները, որի հետևանքով վերջինիս վարորդը և 10 ուղևոր մահացել են, իսկ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի 5 ուղևոր, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության շրջանակներում կատարված` Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրի զննությամբ պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում՝ դեպի Երևան քաղաքի ուղղության ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթևեկելի ուղեմասում՝ դեպի Երևան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթևեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ:
Բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի համաձայն՝ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի վիճակը գնահատվում է ծանր և վերջինիս ցուցմունք տալը հնարավոր չէ:
Քրեական վարույթի շրջանակներում 16 անձ ճանաչվել է տուժող, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: