ՀՀ ՊՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի համաձայն նախատեսվում է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ:
Վարժական հավաքների ապահովման համար 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ:
Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի հիմնավորման համաձայն՝ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու նպատակով ՀՀ զորահավաքային մարդկային ռեսուրսները և տրանսպորտային միջոցները վարժական հավաքների և մարտական հերթապահության ընդգրկելու անհրաժեշտությամբ:
Նախագծում ասվում է․
«Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ և «Պաշտպանության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ:Վարժական հավաքներին ներգրավել մինչև 2059 քաղաքացու, որոնցից 1875-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 99-ը` ավագ ենթասպայական կազմի, 85-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:
Սահմանել, որ՝
1) վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով.
2) հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով.
3) վարժական հավաքներ անցկացվում են հետևյալ փուլերով՝
ա. 2023 թվականի հոկտեմբերի 3 – 27-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 1048 քաղաքացի, որոնցից 951-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 45-ը` ավագ ենթասպայական կազմի, 52-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
բ. 2023 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև նոյեմբերի 10-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 337 քաղաքացի, որոնցից 308-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 18-ը` ավագ ենթասպայական կազմի, 11-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
գ. 2023 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 23-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 337 քաղաքացի, որոնցից 308-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 18-ը` ավագ ենթասպայական կազմի, 11-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
դ. 2023 թվականի նոյեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 337 քաղաքացի, որոնցից 308-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 18-ը` ավագ ենթասպայական կազմի, 11-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Վարժական հավաքների ապահովման համար 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 152 միավոր տրանսպորտային միջոց՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրացուցային օր ժամկետով՝ համաձայն հավելվածի:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»: