Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում:
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Երկուսը գտնվում են Գյումրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Մեկի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, մյուսինը` ծանր:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող երկու տուժածներից մեկին մեկին տեղափոխել են բաժանմունք, մյուսը շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում: Մեկի առողջական վիճակը կայուն է, մյուսինը` ծանր:
«Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում գտնվող տուժածի առողջական վիճակը կայուն է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
«Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվող տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, գտնվում է վերակենդանացման բաժանմուքնում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել «Զիլ» և «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցները, որի հետևանքով վերջինիս վարորդը և 10 ուղևոր մահացել են, իսկ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի 5 ուղևոր, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության շրջանակներում կատարված` Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրի զննությամբ պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում՝ դեպի Երևան քաղաքի ուղղության ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթևեկելի ուղեմասում՝ դեպի Երևան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթևեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ:
Բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի համաձայն՝ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի վիճակը գնահատվում է ծանր և վերջինիս ցուցմունք տալը հնարավոր չէ:
Քրեական վարույթի շրջանակներում 16 անձ ճանաչվել է տուժող, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: