Հուլիսի 18-ին ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Աշտարակ քաղաքի Ոսկանյան փողոցի տներից մեկի պատուհանները կոտրել են: Տանտիրուհին դեպքի վայր մեկնած ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը կոտրել է առաջին հարկի երկու պատուհանները, նաև բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ապակիները:
Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 4-ին Աշտարակի Շահազիզի փողոցում հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել նույն փողոցի 42-ամյա բնակիչ մի տղամարդու: Նա խոստովանել է, որ ապակիներն ինքն է կոտրել, քանի որ դժգոհ է եղել տանտիրուհու որդու կողմից իր տանը կատարված վերանորոգման աշխատանքի որակից:
Տղամարդը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: