Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն, ՀԱՊՀ շրջանավարտ Արմեն Ստեփանյանը Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի ուղեկցությամբ հանդիպել է «Միասնության ուժը» ուսանողական, երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաքի մասնակից երիտասարդներին։
Հանդիպման թեման էր ինժեներկան կրթության կարևորությունը, խոսնակների մասնագիտական հաջողությունների ճանապարհը։
Հանդիպմանը նա խոսել է մասնագիտական կարիերայի, իր ուսանողական տարիների առաջխաղացման, մասնագիտական ոլորտում տեղի ունեցող, գիտական հետազոտական, նորարարական զարգացումների և ուսանողներին հետաքրքրող այլ թեմաների մասին։
ԶՊՄԿ Կայուն զարգացման գծով Արմեն Ստեփանյանին ուղղված հարցերից ամենահետաքրքիրները թերևս վերաբերվում էին մասնագիտական փորձի ընթացքում արված բացահայտումներին, որոնք դժվար է պատկերացնել ուսանողական տարիներին։ Արմեն Ստեփանյանը պատմեց, որ առավել բարդ էր բախվել հանքարդյունաբերության շուրջ գոյություն ունեցող միֆերին և փորձել դրանք փարատել գիտական հիմնավորումներով։ Մարդկանց միշտ ավելի հեշտ է վախեցնել միֆերով, գոյություն չունեցող կամ խիստ չափազանցված ռիսկերով, և բավական դժվար է դրա դեմ ռացիոնալ փաստարկներ բերել։ Այդուհանդերձ, գիտությունը, փաստերն ի վերջո ավելի զորեղ են և կարևոր է, որ թե՛ կրթության, թե՛ մասնագիտական կարիերայի ընթացքում մարդը հավատարիմ մնա իր սկզբունքին և սեփական ճշմարտացիությունը միշտ պաշտպանի բացառապես փաստերով։
Լավագույն հարցերի հեղինակները մասնակիցներից նվեր ստացան մակագրված գրքեր։


