Վրաստանում օգոստոսի 7-ը սգո օր է հայտարարվել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր ցավակցությունն է հայտնել Վրաստանի Ռաճայի շրջանի Շովի հանգստավայրում տեղի ունեցած սողանքների և սելավների հետևանքով զոհվածների ընտանիքներին, հայտնում է Aliq.ge-ն։

«Իմ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին և աղոթում այն ընտանիքների հետ, ովքեր սպասում են անհետ կորածներին ողջ գտնելուն»,- այսօր կայացած ճեպազրույցում ասել է նախագահը։

Զուրաբիշվիլին հասարակությանը համախմբվելու կոչ է արել՝ նշելով, որ սա մեծ ողբերգություն է ողջ Վրաստանի համար. «Մենք գիտենք, թե ինչպես պետք է համախմբվել ողբերգության ժամանակ: Հենց դա է կարևոր այսօր՝ համախմբվել, օգնել տուժածներին՝ հաղթահարելու ցավալի շրջանը»:

Նախագահը շնորհակալություն է հայտնել որոնողական աշխատանքներում ներգրավված փրկարարներին և քաղաքացիներին։

Արևմտյան Վրաստանի Ռաճայի բարձր լեռնային շրջանում սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում։ Փրկարարական աշխատանքները սկսվել են ծանուցումից մոտ 3 ժամ անց։ Այսօր՝ օգոստոսի 4-ին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է աղետի գոտի։

Զոհերի թիվը հասել է 11-ի, ավելի քան 30 մարդ անհետ կորած է համարվում։

Փրկարարներն աղետի գոտուց անվնաս դուրս են բերել ավելի քան 200 մարդու։ Վարչապետ Ղարիբաշվիլին հայտնել է, որ փրկարարական խմբին միացել է նաև բանակը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել