Դավիթ Տոնոյանը ցանկացել է Նիկոլ Փաշինյանի հետ ուղիղ եթերում մասնակցել ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, սակայն հանձնաժողովը չի համաձայնել

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին. նա պատասխանում է հանձնաժողովի հարցերին: Ընդդիմադիր պատգամավորները նիստին ներկա չեն։ Տոնոյանը նշեց, որ անհրաժեշտություն կլինի որոշ հարցերի մասին խոսել փակ ձևաչափով։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց նաև, որ Տոնոյանը ցանկացել է Նիկոլ Փաշինյանի հետ ուղիղ եթերում մասնակցել ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, սակայն հանձնաժողովը չի համաձայնել։

Նախկին նախարարին  հարց ուղղեցին,․ արդյոք վերջինս տեղյա՞կ է եղել 2020 թվականի սեպտեմբերին սպասվող մարտական գործողությունների վերաբերյալ։

«Սպառնալի իրավիճակի վերաբերյալ տեղյակ եմ եղել, այն տեղեկության հիման վրա, որ ստացվել է ամփոփման իմ փորձի և պաշտոնական տեղեկատվությամբ, որ ստանում էինք պարբերաբար»,- հայտարարեց Տոնոյանն՝ ընդգծելով, որ իրավիճակը գնահատվում էր սպառնալի, բայց իրավիճակը ռազմական գործողությունների սկսման օրը որևիցե մեկին հայտնի չի եղել։

Ի դեպ, Տոնյանն ընդդիմության ներկայացուցիչներին կոչ արեց մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին։ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, անդրադառնալով այն հարցին, թե ինչ միջոցառումներ է ձեռնարկել պատերազմը կանխելու համար, Տոնոյանը նշեց․ «Ի պաշտոնե իմ լիազորությունների շրջանում ես իրականացրել եմ պաշտպանական քաղաքականություն և դա ամրագրվում է փաստաթղթերով»։

Նա ներկայացրեց կառավարության կողմից հաստատված մի քանի ծրագիր. «Ավելացնել հրթիռային զորքերի և հրետանու կրակային և հարվածային հնարավորությունները, Զինված ուժերը համալրել ավիացիոն համալիրներով, դա այն ՍՈՒ-30-ներն են, որի վերաբերյալ անընդհատ ինչ-որ հարցեր են առաջանում, ԱԹՍ-ներով բարձրացնել օդային հարվածների պաշտպանվածության մակարդակը և կատարելագործել վաղ հայտնաբերման համակարգը։ Ես կարող եմ շարունակել այդ կետերի ընթերցումը, բայց կարծում եմ՝ սա բաց փաստաթուղթ է և կարող եք ծանոթանալ։ Բացի դրանից, գոյություն ունի սպառազինության և զարգացման ծրագիր, ԶՈՒ զարգացման ծրագիր, մշակվող և անընդհատ թարմացվող ԶՈՒ կիրառման պլան և դրանից բխող մեծ փաթեթ։ Դրանք եղել են իմ՝ որպես ՊՆ գործունեության հիմնական ուղղորդիչ փաստաթղթերը և իմ լիազորությունների շրջանում ես դա իրականացրել եմ»։

Նշենք, որ դատարանը թույլատրել է Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2 օր՝ օգոստոսի 1-2-ին, առավոտյան ժամը 9:30-ից մինչև հանձնաժողովի աշխատանքի ավարտը գտնվել կալանավայրից դուրս։

Հիշեցնենք, որ մեկուկես տարուց ավելի քրեակատարողական հիմնարկում գտնվող Դավիթ Տոնոյանն օրերս հայտարարեց, որ հուլիսի 4-ին միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով թույլատրել, որ ներկայանա ԱԺ հանձնաժողովի նիստին: Նա ընդգծել է, որ որոշել է բացատրություններ տալ՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի և ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել