Բժշկի անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով երեք մարդ է մահացել

Նախկինում չդատված 63-ամյա Վարդան Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Արմավիր բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն՝ բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման իր մասնագիտական պարտականությունները պատշաճ չի կատարել, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

2010թ. հուլիսի 17-ին՝  իմանալով նույն օրը Արմավիր բժշկական կենտրոն ընդունված մանկահասակ հիվանդ Արտակ Վարդանյանի առողջական վիճակի վատացման մասին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ հիվանդի տեղափոխման համար մանկական ռեանիմացիոն խումբ և ռեանիմոբիլ հրավիրելու փոխարեն անթույլատրելի կերպով հիվանդի տեղափոխումը կազմակերպել է տաքսի ավտոմեքենայով, որի հետևանքով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին երեխան մահացել է:

Դրանից հետո շարունակել է  ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք ցուցաբերել, իր պարտականությունները կատարել ոչ պատշաճ, ընկերության շտապ օգնության ծառայության աշխատանքները ճիշտ չկազմակերպելով՝ ավտոմեքենաներին բավարար քանակությամբ վառելանյութ չի տրամադրել, որի արդյունքում 2010թ. դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը շտապ օգնության ծառայության հերթապահ բրիգադան բենզին չունենալու պատճառաբանությամբ Արմավիրի մարզի Այգևան գյուղի բնակիչ Զաքար Մարկոսյանի հարազատների հեռախոսականչով, հիվանդի առողջական վիճակին սպառնացող վտանգի պարագայում նրան չի այցելել և շտապ բժշկական օգնություն չի ցուցաբերել: Արդյունքում  հիվանդը մահացել է :

Բացի վերոնշյալ դեպքերը, Վարդան Կիրակոսյանը անփույթ վերաբերմունքի դրսևորմամբ բժշկական կենտրոնի աշխատակիցների պահանջների պայմաններում չի ապահովել մանկական լարինգոսկոպով և մանկական վերակենդանացման համար անհրաժեշտ բժշկական պարագաներով, ինչի հետևանքով  ԲԿ մանկական բաժանմունք ընդունված մանկահասակ հիվանդ Արտավազդ Սուքիասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Համապատասխան բուժօգնության  հնարավորություն չունենալու պատճառով հիվանդը մահացել է:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել