«Ադրբեջանն ընտրել է որպես թիրախ հանքարդյունաբերությունը` հաշվի առնելով դրա դերը Հայաստանի տնտեսական աճի մեջ։ Ադրբեջանը՝ թիրախավորելով ՀՀ-ում հանքարդյունաբերությունը, իրականում փորձում է հարվածել ՀՀ տնտեսությանը»,-այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը՝ հավելելով, որ հանքարդյունաբերության դեմ Ադրբեջանի արշավը հիբրիդային պատերազմի մի մասն է։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, թե Ադրբեջանի կառավարությունը Հայաստանի շրջակա միջավայրի նախարարին ուղղված նամակում պահանջել է դադարեցնել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը սահմանակից Երասխում խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը, քանի որ իրականացվող աշխատանքները կարող են անդրսահմանային բացասական հետևանքներ ունենալ։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանել էր Ադրբեջանի «բաց նամակին»՝ կապված Երասխում գործարանի կառուցման հետ՝ նշելով, որ այն լիովին համապատասխանում է միջազգային բնապահպանական ստանդարտներին։ Պատասխանով նախարարությունը ադրբեջանական կողմի ներկայացրած մի շարք կեղծ փաստերի հերքումներ է ներկայացրել։
«Մենք հիբրիդային պատերազմական գործողության մեջ ենք Ադրբեջանի հետ, և, ցավոք, բիզնեսը և ՀՀ արդյունաբերությունը ներկայացնող կազմակերպությունները դառնում են այդ պատերազմի մի մասնիկը։ Եվ առաջնագծում այս պահի դրությամբ հանքարդյունաբերությունն է։ Մեր հարևան երկրի կարծիքով՝ դա ամենամեծ ներուժն ունեցող ոլորտն է և դա իսկապես այդպես է։ Երկրորդը՝ իրենց կարծիքով՝ դա ամենախոցելի ոլորտն է, բայց այս հարցում նրանք սխալվում են և մենք կարող ենք ցույց տալ, որ հանքարդյունաբերությունը բնապահպանական նորմերի, ստանդարտների առումով Հայաստանում շատ ավելի բարձ մակարդակի վրա է, քան նույն հարևան երկրում»,-նշեց Վարդան Ջհանյանը։
Հանքագործների և մետալուրգների միության նախագահն ասաց՝ Ադրբեջանի նման պահվածքը պայմանավորված է 2014 թվականից ի վեր ՀՀ տնտեսական աճի ցուցանիշներով, որոնք անընդհատ գերազանցել են Ադրբեջանի տնտեսական աճի ցուցանիշները․ «Կապված նավթագազային ոլորտի անկման հետ՝ նրանք արդեն հետզհետե հետ են մնալու։ Բաքվում հասկանում են, որ ՀՀ-ի տնտեսական աճը ենթադրում է նաև Հայաստանի ռազմական հզորացում»։
Ի պատասխան Iravaban.net-ի այն հարցին, թե ինչ ազդեցություն է ունեցել Ադրբեջանի այս «նամակ-մտահոգությունը» Հայաստանի միջազգային համբավի վրա կամ արդյո՞ք եղել են միջազգային կառույցներ, որոնք արձագանքել են դրան, Վարդան Ջհանյանը նշեց, որ նամակի անհիմն և ֆեյքային բնույթի պատճառով միջազգային որևէ արձագանք չի ստացվել։ Նրա խոսքով՝ Հայաստանը նույնպես կարող էր դրան չարձագանքել, սակայն պետք է պատրաստվել Ադրբեջանի հաջորդ քայլին։
«Մենք համոզված ենք, որ լինելու է հաջորդ քայլը։ Միայն այս հայտարարությունով Ադրբեջանը չի սահմանափակվելու։ Ասուլիսը հրավիրելու հիմնական պատճառը դա է։ Փորձելու ենք քաղհասարակության և պետության հետ ծրագիր մշակել՝ Ադրբեջանի հարվածներին դիմակայելու համար»,-նշեց Հանքագործների և մետալուրգների միության նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում