Միջազգային պայմանագիր կնքելու շուրջ բանակցություններ վարելու, այդ պայմանագրի տեքստը մյուս կողմի հետ փոխհամաձայնեցնելու կամ պայմանագիրը ստորագրելու հատուկ լիազորությունների տրամադրումը կատարվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի, վարչապետի, արտաքին գործերի նախարարի, իրավասու գերատեսչության ղեկավարի տված լիազորագրով։
Լիազորագիրը գրավոր փաստաթուղթ է, որ պետք է պարունակի`
1) լիազորագիրը տվող անձի պաշտոնի անվանումը, նրա անունը և ազգանունը.
2) լիազորվող անձի զբաղեցրած պաշտոնի անվանումը և նրա անունը, ազգանունը.
3) վերապահվող լիազորությունը (պայմանագրի կնքման շուրջ բանակցություններ վարելը, պայմանագրի տեքստը փոխհամաձայնեցնելը կամ պայմանագիրը ստորագրելը կամ դրանց մի մասը կամ բոլորը միասին).
4) միջազգային պայմանագրի անվանումը, որի համար տրվում է լիազորագիրը.
5) լիազորագիրը ստորագրելու տարին, ամիսը և ամսաթիվը։
Լիազորագիրը պետք է ստորագրված լինի լիազորող պաշտոնատար անձի կողմից և ամրագրված այն պետական մարմնի կնիքով, որի ղեկավարն է լիազորողը։
Լիազորագիրը դրանով լիազորված պաշտոնատար անձին է հանձնվում արտաքին գործերի նախարարության միջոցով` իրավասու պաշտոնատար անձի կողմից այն ստորագրվելու օրվանից հետո` եռօրյա ժամկետում։ Լիազորագրի պատճենը պահվում է արտաքին գործերի նախարարությունում, որը կցվում է տվյալ միջազգային պայմանագրին առնչվող փաստաթղթերին։
Եթե լիազորագիրը տրվել է իրավասու գերատեսչության ղեկավարի կողմից, ապա այն լիազորված անձին է հանձնվում տվյալ գերատեսչությունում սահմանված կարգով, որի պատճենը անհապաղ ներկայացվում է արտաքին գործերի նախարարություն։ Եթե իրավասու գերատեսչության ղեկավարի տված լիազորագրով լիազորված անձը գտնվում է արտասահմանում, ապա այս դեպքում ևս լիազորագիրը նրան է հանձնվում արտաքին գործերի նախարարության միջոցով` իրավասու գերատեսչության ղեկավարի կողմից այն ստորագրվելու օրվանից հետո` եռօրյա ժամկետում։
Միջազգային պայմանագրի մյուս կողմի համաձայնության դեպքում լիազորագիրը դրանով լիազորված անձին կարող է փոխանցվել էլեկտրոնային փոստով կամ տեխնիկական այլ միջոցներով։
Լիազորագիրը կազմվում և ստորագրվում է հայերենով, որի համապատասխան օտար լեզվով թարգմանությունն իրականացնում է արտաքին գործերի նախարարությունը` ամրագրելով նախարարության կնիքով։